Թուրքիան շարունակելու է աջակցել ՀՀ-Ադրբեջան խաղաղության հաստատմանը․ Էրդողանը հանդիպել է Ալիևին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարների 26-րդ գագաթնաժողովին, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Գագաթնաժողովի շրջանակում Էրդողանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումը կայացել է երկկողմ ձևաչափով։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը հրապարակել է հանդիպման մանրամասները։
Կողմերը քննարկել են Թուրքիա-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։
Էրդողանը նշել է, որ հատկապես էներգետիկայի, ենթակառուցվածքների և տրանսպորտի ոլորտներում Թուրքիայի և Ադրբեջանի իրականացրած համագործակցության քայլերի նշանակությունը տարածաշրջանում ստեղծված պայմաններում ավելի լավ է ընկալվում։ Նրա խոսքով՝ «երկու պետություն, մեկ ազգ» սկզբունքի հիման վրա հարաբերությունների խորացումն ու զարգացումը բոլոր ոլորտներում կնպաստի երկու երկրների շահերին։
Էրդողանը նաև ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության հաստատումը «կենարար ուժ» կհաղորդի տարածաշրջանին։
Հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է Անթալիայում կայանալիք COP31 գագաթնաժողովին։



