երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սոթքի զորամասը ծանր ռմբակոծվել է, գյուղից կանայք և երեխաները տարհանվել են․ Գեղամասարի նախկին համայնքապետ

Սոթքի զորամասը ծանր ռմբակոծվել է, գյուղից կանայք և երեխաները տարհանվել են․ Գեղամասարի նախկին համայնքապետ

Սոթքից կանայք ու երեխաները տարհանվել են, այս պահին էլ ես երեխաներին եմ հանում։ Այս մասին Factor TV-ին փոխանցեց Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Երկու ժամ շարունակ ինտենսիվ ռմբակոծվում էր գյուղը, զորամասը, ամեն ինչ․․․ Զորամասն ուժեղ ռմբակոծվել է՝ զենքի պահեստներով։ Անսպասելի, զանգվածային սկսեցին ռմբակոծել։ Գյուղերն այս պահին գրեթե դատարկ են, մարդիկ տարհանվել են»,- նշեց Ավետյանը։

Տեղեկությունները, թե ադրբեջանցիները գրավել են Սոթքը, Ավետյանի խոսքով, իրականությանը չեն համապատասխանում։

Ըստ նրա՝ Սոթքի ոսկու հանքը, միգուցե, իրենց վերահսկողության տակ է։ «Այս պահին էլ տարբեր զինատեսակներից ռմբակոծում են։ Գյուղում հրդեներ կան, բնական է, բնակելի տներ են։ Տուժածների մասին ինֆորմացիա չունեմ»,- հավելեց Գեղամասար համայնքի նախկին ղեկավարը։

Հիշեցնենք, որ այսօր կեսգիշերն անց Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Մանրամասները՝ տեսանյութում։


  • Կիսվել: