Հրդեհ Լեհաստանում՝ ԱԹՍ-ների արտադրության գործարանում
Գիշերը Լեհաստանի Սկարժիսկո-Կամեննա քաղաքում հրդեհ է բռնկվել դրոնների արտադրության գործարանում, որը պատկանում է երկրի մասնավոր զենքի խոշորագույն WB Electronics ընկերությանը. գործարանի անօդաչու սարքերի բաղադրիչներն օգտագործվում են Լեհաստանի և Ուկրաինայի բանակներում, տեղեկացնում է Fakt-ը:
Նշվում է, որ, ըստ իրավապահ մարմինների, կեսգիշերին մոտ անվտանգության աշխատակիցը ոստիկանությանը տեղեկացրել է մասնավոր ընկերության տարածքում հրդեհային տագնապի ազդանշանի գործարկման մասին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է էլեկտրոնային բաղադրամասերով պահեստի հարևանությամբ գտնվող շենքում, 25 հրշեջ կարողացել Է կրակը մարել մոտ 2 ժամում։ Դեպքի ժամանակ գործարանը փակ է եղել, և աշխատակիցներից ոչ ոք չի տուժել:
Թերթը նաև հաղորդում է, որ տեսախցիկները գործարանի տարածքում ֆիքսել են տրիկոտաժե սաղավարտով տղամարդու: Նշվել է նաև, որ տեղեկությունը «ոչ պաշտոնական» է: Ենթադրվում է, որ տղամարդը տարածք է թափանցել ցանկապատի վրայով։ Գործարանի մոտակայքում հայտնաբերվել են ուսապարկ և մարզաշապիկ։ Տեղում աշխատում են լեհական հատուկ ծառայության աշխատակիցները:
Ավելի վաղ բրիտանական The Telegraph թերթը հայտնել էր, որ Ռուսաստանը դիվերսիաներ է իրականացնում Եվրոպայի զենքի գործարաններում ու հավաքագրում է տեղական հանցավոր խմբավորումների անդամներին՝ պաշտպանական օբյեկտներին վնաս հասցնելու և ՆԱՏՕ-ի արձագանքման պատրաստակամությունը ստուգելու համար:



