ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Սորոս»-ի մասին Վանեցյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացնում. Լիլիթ Մակունց

«Սորոս»-ի մասին Վանեցյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացնում. Լիլիթ Մակունց

Այն մեկնաբանությունները, որոնք արվում են «Բաց հասարակության» հիմնադրամի վերաբերյալ, եղել են դեռ վաղուց, երբ պարոն Վանեցյանն ԱԱԾ տնօրեն էր: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե «Սորոսի» գրասենյակի գործունեությունը վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության համար:

«Գրեթե ամեն օր էին արվում այդ հայտարարությունները։ Ես վստահ եմ, որ եթե  որևէ կերպ ազգային անվտանգությանը վտանգ ներկայացներ տվյալ կազմակերպությունը, պարոն Վանեցյանը կձեռնարկեր բոլոր անհրաժեշտ քայլերը: Եթե նա նման գործողությունների չի դիմել, ուրեմն վտանգ չի տեսել»,- նշեց Լիլիթ Մակունցը։

Ըստ նրա՝ հիմա նշում են մեկ անձի մասին, բայց ինստիտուտներն անձերով չպետք է պայմանավորել։ «Ես վստահ եմ, որ Վանեցյանի դիրքորոշումը հիմնված է  եղել այն վերլուծությունների, զեկույցների վրա, որ նրան ներկայացվել է։ Այս պարագայում հիմա նրա մեկնաբանություններն ինձ մոտ տարակուսանք են առաջացնում: Կարծում եմ, որ դրա պարզաբանումը պարոն Վանեցյանը կտա, եթե նրան այդ հարցն ուղղեք»,- նշեց Լիլիթ Մակունցը:

Նա նաև բացառեց, որ ժամանակին Վանեցյանը մտահոգություններ հայտնել, իսկ իշխանությունը չլսեր. «Բացառում եմ, որ Վանեցյանը քայլեր չձեռնարկեր, եթե որևէ բան վտանգ ներկայացներ ազգային անվտանգությանը»։

 

 

 

 

  • Կիսվել: