ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Շուշիում ամեն ինչն եմ կարոտել՝ օդից բռնած». Էրիկի «Կուճիր հույզերը»՝ Շուշիից բերած քարերին

«Շուշիում ամեն ինչն եմ կարոտել՝ օդից բռնած». Էրիկի «Կուճիր հույզերը»՝ Շուշիից բերած քարերին

«Շուշիում ամեն ինչն եմ կարոտել՝ օդից բռնած: Մեկ-մեկ պատահում է՝ օդի ջերմությունը դեռ զգում ես, դա քո զգացումներն են, որոնք չեն կորել, եկեղեցին ես կարոտում, քարը, հայաթը, քո էն տուռնիկը, որ ամեն առավոտ գնում կախվում էիր, քո սարը, սարի վերեւի խաչը, պարիսպը… Ամեն ինչին կարոտում ես»,- ասում է Էրիկը, հետո ժպտում:  

Երեւանի Պուշկինի 4 հասցեում գտնվող «Արտ Կվարտալ» ցուցասրահում Շուշիից բերած քարերի վրա Էրիկի խտացված հույզերով մանրաքանդակներն են ցուցադրվում: Ցուցահանդեսը կոչվում է «Կուճիր հույզեր»՝ արցախյան բարբառով «կուճիր» նշանակում է փոքր: Համադրողները նկարիչ Սերոն ու արվեստագետ Նուռն են:

Կեսօրին, երբ դեռ սպասում էինք Էրիկին, սրահում ոչ ոք չկար: Սպիտակ պատերով ցուցասրահում լռություն էր, բայց միայն առաջին հայացքից: Բրոնզագույն փոքր քանդակները պատմություն էին պատմում՝ կյանքի, ընկնելու, բարձրանալու, նորից պայքարելու եւ չհանձնվելու մասին: Արտաքուստ շատ փոքր 50 քանդակները շարժման մեծ էներգիա ունեն, եւ կարծես, երկխոսության մեջ լինեն: Դրանք բոլորը մի կյանքի պատմության մաս են կազմում:

«Երբ զգացմունքներն ու հույզերը դադարում են մեզ ոգեշնչել, այդ պահին մենք կորցնում ենք ապրելու, սիրելու, կարեկցելու ունակությունը: Մեր ներքին հոգեւոր աշխարհը կաթվածահար է լինում սառնությունից, անտարբերությունից, անզգայնությունից: Այս ցուցահանդեսը վերը նշվածի հականիշն է»,- գրված է ցուցասրահի պատին: Մանրաքանդակները վաճառվում են, ստացած հասույթը Էրիկը տրամադրելու է մարզերում բնակվող վիրավոր զինվորներին:

Քիչ անց մանրաքանդակների հեղինակն է գալիս, խնդրում է մի քիչ էլ սպասել, մինչեւ մեքենան կկայանի: Սրահում մի քանի րոպե շրջելուց հետո նստում ենք բակում: Պատմությունը սկսում ենք Շուշիից: Էրիկը ծնվել է 2000 թ. հունիսի 9-ին: Մինչեւ 2019 թ. զորակոչվելն ապրել է Շուշիում: Հարցնում եմ՝ որտե՞ղ էր իրենց տունը, ասում է՝ «հենց Կանաչ ժամի ներքեւը, կոոպերատիվի շենք էին ասում, գորգանոցի մոտի թաղն էին ասում, կլուբի մոտի թաղն էին ասում, մեկ էլ ասում էին՝ Գարեգին Նժդեհի փողոց»:

Նախքան զորակոչվելն Էրիկն ընդունվել էր Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ագրոնոմիայի, սելեկցիայի եւ գենետիկայի բաժին: Երկրորդ կուրսում զորակոչվել էր: Երեք եղբայրներից կրտսերն է:

Ծառայությունն անցնում էր Մատաղիսի զորամասում: Էրիկը տանկի մեխանիկ-վարորդ էր։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ պատերազմն սկսելու օրը, տանկային դիրքերում է եղել: Թշնամին ռազմական գործողությունները սկսել է հրետակոծությամբ։

«Էնպես էր ստացվել, որ էդ օրը երեք տանկ եմ նստել: Նորակոչիկները երբ եկել էին, տեղանքը չգիտեին, ես էի քշում էդ տանկերը, ու համարյա խփվեցին: Հենց սեպտեմբերի 27-ին էր՝ մոտ 3 ժամվա ընթացքում»,- նշում է նա:

Այդ օրն առավոտյան առաջին զոհն ու վիրավորներն ունեցան իրենց ստորաբաժանումից։

«Էն, որ սիրտդ չի դիմանում, որ ուզում ես հրամանատարիդ քաշես, ու քո մեջ ինչ ուժ էլ արթնանա, մեկ ա՝ լացելով ես քաշում: Ոնց որ սիրտդ ցավա, ու դու գիտես՝ որ գլխի կեսը չկա, անհնար ա ինչ-որ բան անելը… Ինչ ասեմ»,- հիշում է Էրիկը: Սա միակ զգացմունքային կետն էր մեր զրույցում պատերազմի մասին, կատարվածի մասին նախընտրում է չխոսել: Ասում է՝ տխուր թեմաներից չխոսենք:

Էրիկը չափազանց փակ է պատերազմի մասին խոսելիս: Դեպքերն արագ է ներկայացնում: Վիրավորման մասին հպանցիկ է պատմում: Հոկտեմբերի 24-ին է վիրավորվել կասետային արկի պայթյունից: Երեք ընկերներով խրամաբջիջում էին: Մերձամարտերի մեջ էին, ունեցած նռնակները նետել էին թշնամու կողմ: «Նստեցի, որ հանգստանամ, փամփուշտներս լիցքավորեմ, ջոկեցի, որ սնարյադը վերեւից պայթեց, հեսա իջնելու ա: Ընկերս վեշավոյը քաշեց իր վրա ու պառկեց էս ոտքիս, էն մի ընկերս էլ աջ կողմիս էր: Երկու-երեք հատն ընկավ մեր խրամաբջիջի մեջ, աջ կողմի ընկերս տեղում մահացավ, իմը հենց ոտքիս ընկավ, իմ բրոնիկն էնպես էր, որ թեւերս ծածկած էին, թոքս վնասվեց, ձեռքս»,- պատմում է Էրիկը: Երրորդ ընկերը երկու ոտքից է վիրավորվել եւ էլի բեկորային վնասվածքներ ստացել: Էրիկի մարմնում 100-ից ավելի բեկոր կա: Ասում է՝ մեկ ամիս առաջ ձեռքի բեկորը հանեցին, սրտի մոտ գտնվողը չկարողացան հանել: Բայց դրանք, ըստ նրա, նեղություն չեն տալիս իրեն:

20 րոպե խրամաբջիջում մնալուց հետո նրանց օգնության են եկել, նախ՝ տարել Դրմբոն, հետո՝ Իվանյանի հոսպիտալ, ապա՝ տեղափոխել Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Էրիկը թոքի ծանր վնասվածք էր ստացել, իսկ աջ ոտքը վիրավորման պահին ծնկից կտրվել էր՝ կասետային արկն անմիջապես ոտքին էր ընկել: Էրիկն ասում է՝ տեսել է կտրված ոտքը: Ու մենք գրեթե չենք խոսում այդ ընթացքի մասին: Երբ հարցնում ենք՝ պատերազմից հետո արդյոք պարգեւատրել են, ասում է՝ չէ, ինչի՞ս է պետք պարգեւատրեն, ու նորից ժպտում է:

22-ամյա Էրիկի զգացմունքները հիմա մանրաքանդակներում են արտահայտված: Ստեղծագործություններից մի քանիսն արդեն վաճառված են, եւ ստացված գումարը, նրա խոսքով, սոցիալապես անապահով վիրավոր զինվորներին է ուղղելու:

«Մարդը հայելու մոտ» մանրաքանդակի տեքստն է․ «Նա միշտ նայում է հայելու մեջ եւ արտասվում: Նա միշտ հայելու մեջ է նայում ինքն իրեն: Ծերացել է, ինքն իրենից զզվել: Բայց կյանքը մարդուն մեկ անգամ է տրված: Հասնում ես ինչ-որ տարիքի եւ սկսում ծերանալ: Դա երբեք տխրության առարկա դարձնել պետք չէ: Աշխարհն անսահման է իր լավ դրսեւորումներով: Պետք է ներսում երիտասարդ մնալ, որպեսզի կանգ չառնի»:

Պատերազմից հետո Էրիկը մի քանի մասնագիտություն է ձեռք բերել, բայց հարազատը քանդակագործությունը դարձավ: 2021 թ. «Նոր էջ» ծրագրի շրջանակներում հաճախում էր քանդակագործ Նուռի արվեստանոց: Առաջին մանրաքանդակը՝ Կիրան, ցույց էր տվել Նուռին, որն էլ առաջարկել էր եւս մի քանի մանրաքանդակ պատրաստել, իսկ դրանից հետո ասել էր, որ եթե կարողանա 50 հատ պատրաստել, ցուցահանդես կարող են կազմակերպել:

Նյութը՝ բրոնզը, Էրիկն է ընտրել: Ասում է՝ արծաթից էլ գործեր ունի, ցույց է տալիս իր վզի կախազարդը, որ պատերազմի մասին է, ապա նորից ժպտալով շապիկի տակ դնում՝ «տխուր բաներից չենք խոսելու»:

Մանրաքանդակների համար որպես պատվանդան ընտրել են Շուշիի քարերը: Նուռի գաղափարն էր: Էրիկն ասում է՝ երեք ամիս առաջ հայրն է Շուշիի սպիտակ քարերից բերել ռուս խաղաղապահների միջոցով: Քարերը մշակել են, հղկել, վերջնական տեսքի բերել:

Հարազատ Շուշիից քար բերելու մասին ժպտալով ասում է․ «Ինչքան կարողանանք մեր հողից մի բան քերենք, ավելի լավ»: Բոլորս ժպտում ենք, բայց դառնությունից:

Էրիկի հայրը՝ Արմեն Գրիգորյանը, Արցախյան առաջին, երկրորդ, ապրիլյան քառօրյայի կամավորականներից է: Հիմա էլ կամավորական է Ասկերանի շրջանի դիրքերում:

Երբ Էրիկին խնդրում եմ պատմել նրա մասին, ասում է․ «Ի՞նչ պատմեմ, պապայիս մասին որ պատմեմ, սաղ պատերազմ ա»:

44-օրյայի ժամանակ հայր ու որդի ռազմաճակատում են եղել, մի անգամ են հանդիպել իրար: Իսկ երկրորդ հանդիպումն արդեն «Էրեբունի» հիվանդանոցում էր: Էրիկի վիրավորվելուց մեկ շաբաթ անց վիրավորվել է նաեւ հայրը։ Նրան տարել էին նույն հիվանդասենյակը, որտեղ որդին էր:

Էրիկը մոր հետ հիմա ապրում է Երեւանում, իսկ կամավորական հայրն ապրում է իրենց գյուղում՝ Ասկերանի շրջանի Սառնաղբյուրում: Ցուցահանդեսից հետո Էրիկն էլ կմեկնի Արցախ:  

Ապագայի ծրագրեր չի կազմում, ասում է․ «Էս կյանքում ինչ էլ ուզում ես անել, մի բան խանգարում է, ուզում եմ մի գործս վերջացնեմ, հետո նորը սկսեմ: Երեւի արդեն ավելի մեծ քանդակներին կանցնեմ»: Երբ հարցնում եմ, թե արդյոք դժվար չէ մանրաքանդակներ պատրաստելը, պատասխանում է․ «Դժվարն էն է, որ մարդիկ ոչինչ չեն անում, այ դա է դժվարը»:

-Իսկ ինչի՞ չեն անում։

-Եսիմ… Հիմա եթե ես մի տասը օր սենց նստեմ, հոգնելու եմ, գնամ աշխատեմ, բայց որ մի անգամ անում ես, դժվարը հեշտ է դառնում, ուղղակի տրամադրվել է պետք,- ասում է Էրիկը:

-Էրիկ, եթե մի օր Շուշի գնաս, առաջինն ի՞նչ կանես:

-Կայցելեմ մեր տուն ու կքնեմ,- պատասխանում է նա: Ու մենք դարձյալ լռում ենք, ես անջատում եմ ձայնագրիչը:

Էրիկի ընտանիքը ոչինչ չի կարողացել վերցնել Շուշիի իրենց բնակարանից: Ասում է, որ պատերազմի օրերին տարեկից ու նույն անուն-ազգանուն-հայրանունով տղա էր զոհվել, իր մորը զանգել էին, ասել, թե որդին զոհվել է, ու մայրը հոսպիտալներում փնտրում էր իրեն:

Էրիկի վերնազգեստին անգլերեն գրված է՝ Երբեք չհանձնվես» (Never give up): Ասում է, որ նման գրություններով շապիկներով է թարմացնում իր պահարանը:

Հիմա շարունակում է գրել փոքր ծավալի տեքստեր, իսկ երբ ավարտի, նոր քանդակ կպատրաստի: «Մտածում եմ՝ էդքան տողերը կմիացնեմ իրար, բայց չգիտեմ՝ ո՞նց կլինի, որ էդքան պատմությունները հավաքեմ էդ արձանի վրա, չեմ մտածել, թե ինչ կլինի»,- ասում է շուշեցի 22-ամյա Էրիկը:

ՀԳ. Էրիկի ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ հունիսի վերջ:

Աղբյուրը՝ Հետք:

  • Կիսվել: