չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Հուլիսի 1-ից ընտանեկան որոշ վեճերով հաշտարարին դիմելը դառնում է պարտադիր

Հուլիսի 1-ից ընտանեկան որոշ վեճերով հաշտարարին դիմելը դառնում է պարտադիր

ՀՀ արդարադատության նախարարությունն օրենսդրական փոփոխությունների, մի շարք ուղղություններով իրականացվող աշխատանքի արդյունքում նպաստում է Հայաստանում հաշտարարության ինստիտուտի կայացմանը։ Դեռևս 2022 թվականին ընդունված «Հաշտարարության մասին» օրենքի փոփոխություններով որոշ ընտանեկան գործերով պարտադիր է դառնում հաշտարարին դիմելը։ Այս պարտադիր դրույթն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից։ Հրավիրված ասուլիսում ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանը նշեց, որ պարտադիր հաշտարարության ներդրումը կարևոր առաջընթաց է դատական, իրավական համակարգում։ 

«Մինչ այս դրույթն ուժի մեջ մտնելը բավական աշխատանք է կատարվել, որ գործընթացը սահուն իրականացվի։ Հիմա արդեն կարող ենք ասել, որ հուլիսի 1-ից ընտանեկան որոշ վեճերով հաշտարարին դիմելը դառնում է պարտադիր։ Խոսքը վերաբերում է ամուսնալուծության, երեխայի տեսակցության կարգի, ալիմենտի հետ կապված գործերին։ Բոլոր այն դեպքերում, երբ պետության միջամտությունը պետք կլինի, օրինակ, ծնողական իրավունքից զրկելը կամ որդեգրելը, ապա դրանք արդեն դուրս են մնում պարտադիր հաշտարարության շրջանակից»,-ասաց Դավիթ Ղարբիյանը։ 

«Օրենսդրրության զարգացման կենտրոն» հիմնադրամի ավագ իրավաբան- փորձագետ Մարիա Պետրոսյանը տեղեկացրեց, որ դատարաններից ստացված տվյալների համաձայն 2023, 2024 թվականներին տարեկան 2800-3000 գործ է ստացվել, որոնք ենթակա կլինեին հաշտարարության միջոցով լուծման։  Ակնկալվում է, որ պարտադիր հաշտարարությունն ուժի մեջ մտնելուց հետո այսքան հոսք է սպասվում դատարաններից դեպի հաշտարարության ինստիտուտ։ 

«Սա իր հետ կբերի դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը։ Իհակե, պետք է նշել, որ բարեփոխումներն ուղղված չեն պարտադիր հաշտարարության իրականացմանը, այլ, ընդհանուր առմամբ, հաշտարարության ինստիտուտի ներդրմանը։ Դա ենթադրում է, որ ընդգրկվելու են ոչ միայն ընտանեկան գործերը, այլև բոլոր տեսակի քաղաքացիական, աշխատանքային վեճերը»,-ասաց Մարիա Պետրոսյանը։  Մասնագետը նկատեց, որ հաշտարարությունը վեճերի լուծման ավելի կառուցողական մեթոդ է։

Հաշտարարաների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ Գայանե Դեմիրչյանը նշեց, որ հաշտարարներ կարող են դառնալ 25 տարին լրացած բարձրագույն կրթություն ունեցող անձինք։ Հաշտարանները պարտադիր անցնում են վերապատրաստման դասընթացներ, որոնք կազմակերպում է ՀՀ արդարադատության նախարարությունը։ Համապատասպան որակավորման փուլն անցնելուց հետո արտոնագրվում են որպես հաշտարարներ։   

«Վերապատրաստման դասընթացների ընթացքում մասնակիցները ձեռք են բերում բանակցային, հոգեբանական, կոնֆլիկտի կառավարման հմտություններ։ Դրանից բացի պետք է նաև տիրապետեն «Հաշտարարության մասին օրենք»-ին»,-ասաց Գայանե Դեմիրչյանը։ Նա տեղեկացրեց, որ Հայաստանում արտոնագրված է 124 հաշտարար, որոնցից գործողը 123-ն է։ Պարտադիր հաշտարարությամբ՝ ամուսնաընտանեկան գործերով, ցանկություն ունի զբաղվելու նրանց կեսը։ 

«Վերապատրաստման գործընթացն այնպես է կազմակերպվել, որ մարզերից մասնագետների ներգրավվածություն ևս լինի։ Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ գրեթե բոլոր մարզերում ունենք հաշտարարներ, որոնք մշտական հիմունքներով գործելու են։ Այսինքն՝ իրենց հիմնական գործունեության վայրերը լինելու են մարզերը։ Միևնույն ժամանակ նշեմ, որ հաշտարարները հնարավորություն ունեն նաև հեռավար աշխատելու»,-ասաց Գայանե Դեմիրչյանը։ 

Հաշտարարաների ինքնակարգավորվող կազմակերպություն խորհրդի նախագահ Վանիկ Մարգարյանը տեղեկացրեց, որ հաշտարարի ծառայությունը վճարովի է, սակայն դատական ծախսերի հետ համեմատ քիչ ծախսատար է լինելու։ 

«Արտադատական լուծումը բոլոր դեպքերում ավելի քիչ ծախսատար է։ Այստեղ շատ կարևոր է ընդգծելը, որ հաշտարարի միջոցով գործընթացն ավարտին հասցնելը բավական ձեռնտու է նաև ժամանակի առումով։ Սա իրապես կարևոր ինստիտուտ է և պարտադիր հաշտարարությունը ներդնելով, մենք կարևոր հանգրվանի ենք հասել այս ոլորտում»,-ասաց Վանիկ Մարգարյանը։ Մասնագետը հույս հայտնեց, որ հաշտարարներին դիմելու որոշակի մշակույթ կձևավորվի, իսկ փաստաբանների մոտ կլինի այն ընկալումը, որ սա արդյունավետ գործիք է, այլ ոչ թե խոչընդոտ դատական պաշտպանության համար։  

Առցանց հաշտարարությունն իրականացվում է e-meditation.am հարթակի միջոցով, որտեղ կարելի է ծանոթանալ բոլոր հաշտարարներին և ընտրել հաշտարար։ 

 

 

  • Կիսվել: