չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
ՄԿՈՒ համակարգում ընդունելության ցուցանիշը աճել է ավելի քան 11 տոկոսով․ ԿԳՄՍ նախարար

ՄԿՈՒ համակարգում ընդունելության ցուցանիշը աճել է ավելի քան 11 տոկոսով․ ԿԳՄՍ նախարար

Նախորդ տարի 9-րդ դասարանի ամեն երրորդ շրջանավարտ դիմել է միջին մասնագիտական կրթություն ապահովող ուսումնական հաստատություն։

Այս մասին հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ։  

«Սա շատ լավ ցուցանիշ է։ Սա նշանակում է, որ մեր երեխաները 9-րդ դասարանը ավարտում են շատ ավելի մասնագիտորեն կողմնորոշված։ Պետք է հիշեցնեմ, որ սա էլ նոր չափորոշչի գործիքակազմերից մեկն էր։ Մենք մասնագիտական ուսուցման խմբակները դարձրել ենք պարտադիր՝ 8-րդ դասարանից սկսած, որպեսզի երեխան արդեն իսկ ընտրի մասնագիտություն ու կարողանա հետագա ուսուցումը կազմակերպել ավելի նպատակային»,-ասաց նախարարը։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ՄԿՈՒ համակարգում նախորդ տարվա ընդունելությունը 11,4 տոկոսով աճել է։

«Ընդհանուր առմամբ, այսօր միջին մասնագիտական հաստատություններում շուրջ 45 հազար սովորող կա։ Սա մեր տնտեսության զարգացման համար ամենակարևոր հարցերից է, որովհետև այսօր բազմաթիվ կադրեր կան, որոնց կարիք ունենք, և որոնք հենց քոլեջային կրթության մասնագետներ են»,-ընդգծեց նախարարը։ 

 

  • Կիսվել: