Գազայի հատվածում իսրայելական հարվածներն ավելի քան 50 մարդու կյանք են խլել
Գազայի հատվածի տարբեր շրջաններում իսրայելական ուժերի հարվածների հետևանքով հունիսի 10-ի լուսաբացից ի վեր սպանվել է 52 պաղեստինցի, որոնցից 20-ը՝ Գազա քաղաքից հարավ գտնվող Նեթսարիմ բնակավայրի մոտ օգնություն կենտրոնի թիրախավորման հետևանքով։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Գազայի «Ալ-Կուդս» հիվանդանոցից տեղեկություններ են ստացվել, որ Նեթսարիմի մարդասիրական օգնության բաշխման կենտրոնի մոտ հավաքված քաղաքացիական անձանց թիրախավորման հետևանքով ավելի քան 124 պաղեստինցի է վիրավորվել։
Զոհերից 3-ը շտապօգնության աշխատակիցներ են, որոնք Գազա քաղաքի Թուֆֆահ թաղամասում իրենց մարդասիրական պարտականություններն էին կատարում։
Al Jazeera-ի թղթակիցը հայտնել է, որ զոհերի թվում է նաև ֆոտոլրագրող Մոհամմեդ Աբու ալ-Աուֆը։ Զոհված ֆոտոլրագրողն աշխատել է պաղեստինյան անկլավի մի քանի լրատվամիջոցներում։ Այսպիսով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում սպանված լրագրողների թիվը հասել է 227-ի։
Բացի այդ, ավելի քան 30 մարդ վիրավորվել է, երբ իսրայելական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռաֆահ քաղաքի մոտակայքում օգնության կենտրոնի մոտ գտնվող քաղաքացիական անձանց ուղղությամբ։
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացված ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 54 927-ի, իսկ վիրավորներինը՝ 126 615-ի։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։