հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շիրակի մարզպետը Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու երկրորդ որոշումն է ստորագրել

Շիրակի մարզպետը Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու երկրորդ որոշումն է ստորագրել

Այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը լրագրողների տեղեկացրեց, որ Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու երկրորդ որոշումն է ստորագրել:

Նա նշեց, որ ինքը երկրորդ գրություն է ստացել դատախազից:

«Երկրորդ գրությունն եմ ստացել դատախազից՝ մտահոգություններով, նաև այս ընթացքում հանդիպել ենք թե դպրոցական անձնակազմի, թե ծնողների հետ: Մտահոգությունները բավականին խորքային են, որևէ անձնական կոմպոնենտ չկա: Քաղաքական կոմպոնենտ առավել ևս չկա, որովհետև ես ընդամենը 2 օր առաջ եմ բացահայտել, որ տիկինը կուսակցության ներկայացուցիչ է: Ես տեսել եմ մտահոգություն և դրանով պայմանավորված երեկ ստորագրել եմ ազատելու որոշումը: Ես անձնական որևէ խնդիր չունեմ Մեսրոպյան մարդու հետ, ես խնդիր եմ տեսնում գործատու-աշխատող հարաբերությունների տիրույթում և ինձ համար առաջնահերթությունը այդ միջավայրում կրթության որակի և շարունակականության ապահովման մոտեցումն է», -ասաց Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանը, ով 2019 թվականի փետրվարին մարզպետի որոշմամբ ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, մեկ տարի անց՝ փետրվարի 25-ին, դատարանի որոշմամբ վերականգնվել էր իր պաշտոնում: Սա առաջացրել էր դպրոցական հանրույթի դժգոհությունը, և նրանք բազմաթիվ դիմումներ էին ներկայացրել թե Շիրակի մարզպետին, թե մարզի դատախազին: Դպրոցի տնօրենին նաև մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու, գումարների հափշտակման համար: Այս մասով քրեական գործն արդեն դատարանում է:

Հենց դատական նիստի ժամանակ էլ մեղադրող դատախազները միջնորդեցին փոխել մեղադրյալ Նարինե Մեսրոպյանի խափանման միջոցը և կիրառել կալանավորում: Սակայն դատարանը մերժեց միջնորդությունը: Իսկ նիստի հաջորդ օրը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ստորագրել է տնօրենին աշխատանքից ազատելու նոր որոշումը:

  • Կիսվել: