չորեքշաբթի, սեպտեմբեր 16
16 / 9 / 2026
Շիրակի մարզպետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի  գլխավորած պատվիրակությանը

Շիրակի մարզպետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությանը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չափագանի գլխավորած պատվիրակությանը։

«Մեզ համար պատիվ է այսօր Ձեզ հյուրընկալել Շիրակի մարզում, արդեն փոխգործակցության նախադրյալներ ունենք, լիահույս եմ՝ այն կարևոր առաքելությունը, որ իրականացնում եք Հայաստանում, շարունակական կլինի»,- նշել է Շիրակի մարզպետը։

Կարևորելով Կարմիր Խաչի միջազգային ֆեդերացիայի հետ ակտիվ համագործակցությունը՝ կողմերը քննարկել են Շիրակի մարզից գերեվարվածների վերադարձի և հումանիտար աջակցությանն առնչվող հարցեր։

Ջագան Չափագանը շնորհակալություն է հայտնել Շիրակի մարզպետին ընդունելության համար ու նշել, որ վերահաստատում է Հայաստանի կողքին գտնվելու պատարաստակամությունը, իսկ Շիրակի մարզում իրականացվող ծրագրերը կկրեն շարունակական բնույթ։

Մարզպետը բարձր է գնահատել կազմակերպության գործունեությունը Շիրակի մարզում, մասնավորապես, անդրադառնալով համայնքների դիմակայունության բարձրացմանը, պատերազմի, աղետների հետևանքների մեղմացմանն ուղղված ծրագրերին։

Կարևորելով մարզի ազգաբնակչության առջև ծառացած հիմնախնդիրների լուծումը՝ զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը։

 

  • Կիսվել: