ՀՀ-ն ու Հունաստանը կզարգացնեն համագործակցությունը կրթության և կատարողական արվեստների ոլորտներում
Սեպտեմբերի 16-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում ընդունել է Հունաստանի կրթության և կրոնական հարցերով փոխնախարար, պրոֆ․ Նիկոլայոս Պապայոաննուին։
Հանդիպմանը քննարկվել են կրթական ոլորտում վերջին տարիներին վերելք ապրող փոխգործակցության ընթացքը, այդ թվում 2025 թ. ամռանը ՀՀ ԿԳՄՍ և Հունաստանի կրթության և կրոնական հարցերի նախարարների միջև ստորագրված 2025–2029 թվականների համագործակցության ծրագիրը կրթության և գիտության ոլորտներում։
Շոշափվել են նաև երկու երկրների ԲՈւՀ-երում գործող համապատասխանաբար հայագիտության և հունագիտության կենտրոնների աշխատանքների արդյունքները:
Հունաստանի կրթության փոխնախարարը ներկայացրել է, որ Հունաստանի կառավարության 2026 թ․ մարտի որոշմամբ հիմնվել է Կատարողական արվեստի բարձրագույն դպրոցը (Higher School of Performing Arts), որն իր մեջ է ներառելու կինո-թատերարվեստի, երաժշտական և պարային ուսուցման բաղադրիչները։ Համալսարանը այս պահին անցնում է կազմակերպչական ձևավորման փուլ և 2027 թ․ սեպտեմբերին արդեն կունենա իր առաջին ուսանողներին։ Երկկողմ համաձայնություն է ձեռք բերվել վերոհիշյալ կրթական հաստատության վերջնական ձևավորումից հետո հաստատել նրա համագործակցությունը Հայաստանի համապատասխան ԲՈՒՀ-երի հետ։



