Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի շարքերն է համալրել 21-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հակոբյանը 2020/21 թթ. մրցաշրջանում «Ակադեմիա-05»-ի կազմում հանդես է եկել Հայաստանի Մ-18 առաջնությունում, ապա 2021 թվականից տեղափոխվել Երևանի ԲԿՄԱ-ի համակարգ՝ ելույթները սկսելով Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող ԲԿՄԱ-2-ում։
2022 թվականի փետրվարի 26-ին, Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ «Փյունիկ»-ի դեմ խաղում, Դավիթ Հակոբյանն իր նորամուտն է նշել ԲԿՄԱ-ի գլխավոր թիմում։
Նա բանակայինների կազմում անցկացրել է 37 խաղ՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Դավիթ Հակոբյանի նախորդ թիմը Սլովակիայի Բարձրագույն լիգայի ներկայացուցիչ «Ժելեզյարնե Պոդբրեզով»-ն էր։ Սլովակյան ակումբի կազմում երիտասարդ ֆուտբոլիստն անցկացրել է 21 խաղ՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հակոբյանը հանդես է եկել նաև Հայաստանի բոլոր տարիքային հավաքականներում, իսկ 2025 թվականի մայիսին առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական։



