չորեքշաբթի, սեպտեմբեր 16
16 / 9 / 2026
Եվրահանձնաժողովի ղեկավարն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից

Եվրահանձնաժողովի ղեկավարն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջարկում է արգելել մինչև 13 տարեկան երեխաներին սոցիալական ցանցերից, առցանց խաղերից ու չաթբոտերից օգտվելը։ Այս մասին նա հայտարարել է սեպտեմբերի 16-ին Ստրասբուրգում՝ հանդես գալով «Եվրոպական միության վիճակի մասին» ամենամյա ուղերձով։

«Մենք պարտավոր չենք հանդուրժել կախվածություն առաջացնող գործառույթներն ու այն, որ երեխաները ներքաշվում են հետզհետե ավելի ծայրահեղական բովանդակության մեջ»,- ընդգծել է ֆոն դեր Լայենը։ Նա անդրադարձել է նաև արհեստական բանականությամբ գեներացված՝ աղջիկների սեքսուալացված լուսանկարների տարածման հիմնախնդրին։

Եվրահանձնաժողովի ղեկավարի փոխանցմամբ՝ 13-15 տարեկան երեխաների համար նախատեսվում է ստեղծել հատուկ «մինի-հաշիվներ», որոնցից օգտվելը կվերահսկեն ծնողները կամ խնամակալները։

Այս նախաձեռնության հիմքում համացանցում երեխաների անվտանգության հարցերով փորձագիտական հատուկ խմբի հանձնարարականներն են, որը ֆոն դեր Լայենը ձևավորել էր 2026 թվականին։ Հուլիսին խումբը խորհուրդ էր տվել արգելել մինչև 13 տարեկանների մուտքը սոցցանցեր և խստացնել առցանց հարթակների պատասխանատվությունը՝ անչափահասների անվտանգությունն ապահովելու հարցում։

Այժմ առաջարկը պետք է քննարկեն ԵՄ անդամ պետությունները։ Նախաձեռնությունը թվային հարթակների կարգավորման ու առցանց տիրույթում երեխաների պաշտպանության շուրջ ընթացող ավելի լայն քննարկման մաս է կազմում։ Եվրոպական որոշ երկրներ արդեն իսկ կիրառում են կամ քննարկում սեփական տարիքային սահմանափակումները, թեև դրանցից մի քանիսը բախվում են իրավական խոչընդոտների։

Ֆոն դեր Լայենի ելույթից հետո ԵԽ-ի ամենամեծ խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերն առաջարկել է օգտատերերին հնարավորություն ընձեռել՝ ըստ ցանկության անջատելու սոցիալական ցանցերի ալգորիթմները։

  • Կիսվել: