ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շատ կարճ ժամանակ հետո կիմանաք Հայաստանի տիեզերագնացության նոր հաջողությունների մասին. ՀՀ նախագահ

Շատ կարճ ժամանակ հետո կիմանաք Հայաստանի տիեզերագնացության նոր հաջողությունների մասին. ՀՀ նախագահ

Հունվար ամսին վերջնական արդեն պայմանավորվածությունները կային և արդեն գիտեինք թե ինչ է սպասվում մայիս ամսին, որովհետև այդ ամենը պլանավորված էր: Հիմնական նպատակը, բացի նրանից որ արբանյակ ունենանք, հնարավորություն ունենանք մենք ինքներս նկարներ ստանալ, նկարներ մշակել, բայց գլխավոր նպատակը տիեզերական գործունեությամբ զբաղվելու բազա ունենալ և ապահովել հենց այդ բնագավառի զարգացումը: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալով հայկական արբանյակի մասին հարցին:

նա նշեց, որ հիմա այդ աշխատանքներն են կատարվում, և համոզմունք հայտնեց, որ մոտ ժամանակներս մենք կունենանք կառավարման կայան:

՛՛Արդեն Կապ հաստատվել է, կարծում եմ, որ արդեն նկարներ էլ կունենանք շուտով, և ինչ-որ մի առիթով այդ նկարները կցուցադրենք: Կայանը Հայաստանից չէ կառավարվում, դրսից կառավարվում է նաև մեր հրահանգներով, այսինքն՝ մենք լիարժեք կայանի սեփականատերն ենք, և այն մարդիկ, ովքեր այսօր կառավարում են կամ դիտարկում են կայանը, մեր հրահանգներով են առաջնորդվում կամ մեր պայմանավորվածություններով:

Հաղորդավարի հարցին, թե ինչպես է վերաբերվում այն քննադատություններին, որ դա այն արբանյակը չէր, մեզ կապի արբանյակ էր պետք, որ դա չի լուծում մեր ստրատեգիական խնդիրները, մերը չէ, ինչու ամերիկացիները, այլ ոչ ռուսները թռցրեցին և այլն՝ ՀՀ նախագահը պատասխանեց. ՛՛Դա կախված է նրանից, որ, ես ներողություն եմ խնդրում, մասնագետներ չեն եղել քննադատողները, կամ մասնագետներ են, որոնք ամբողջովին տեղեկացված չեն եղել գործընթացից: Ես ՛՛Ազատություն՛՛ ռադիոկայանում տեսել եմ մի փոքրիկ ռեպորտաժ, բավականին հաջող ռեպորտաժ, այնտեղ ամեն ինչ ասված է՝ ինչու ամերիկացիները, ինչու ոչ ռուսները, ամեն ինչ ասված է: Որովհետև այսօրվա պայմաններում Սփեյս Իքսը բավականին մատչելի գներ է առաջարկում և պարբերաբար այդ աշխատանքների մեջ այնքան է մասնագիտացել, որ որևիցե կասկած չկա, որ կթռչի, և հաջողությամբ այդ ծրագիրը կիրականացվի:

Մենք Ռոսկոսմոսի հետ համապատասխան պայմանավորվածություններ ունենք, ուղղակի իրենց հետ այլ ծրագրեր ենք իրականացնում, իրենք այսպիսի ծրագրերի մեջ դեռևս մասնակցություն չունեն՛՛:

Նախագահը խոսեց նաև այն մասին, թե ինչու կապի արբանյակ չէ: Այս առնչությամբ նա, մասնավորապես, ասաց. ՛՛Նախ՝ կապի արբանյակ ունենալը բավականին թանկ է, կապի արբանյակ ունենալու համար մենք պետք է շատ ավելի լուրջ ներդրումներ անենք: Մենք գտանք, որ այս ձևով մենք սկսում ենք մեր տիեզերական գործունեության սկիզբը: Մենք հավաքում ենք նախարարության ենթակայության տակ մասնագետներ, հիմա կոչ եմ անում, ովքեր տիեզերքից հասկանում են, տիեզերագնացությունից, ովքեր պատրաստ են արբանյակներ այստեղ արտադրել, ովքեր պատրաստ են այդ աշխատանքները կատարել, դիմեն նախարարություն, որտեղ արդեն կառույց կա՝ Գեոկոսմոս, որը զբաղվում է դրանով, և հավատացեք՝ շատ կարճ ժամանակ հետո դուք կիմանաք Հայաստանի տիեզերագնացության նոր հաջողությունների մասին, որովհետև այն հետաքրքրությունը որը կա հիմա, այն առաջարկությունները՝ մեզ հետ համագործակցելու, մեզ համար էլ էր անսպասելի, որ այսպիսի հետաքրքրություն կառաջացնի...՛՛:

  • Կիսվել: