ՀՀ նախագահի ամբողջական ելույթը 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի մեկնարկին (տեսանյութ)
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի մեկնարկին:
Հանրապետության նախագահի ելույթը.
«Մեծարգո՛ նախագահող,
Հարգելի՛ պատգամավորներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստի մեկնարկի կապակցությամբ։
Այսօր իր աշխատանքն է սկսում Հայաստանի Հանրապետության ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ձևավորված նոր Ազգային ժողովը։ Սա մեր պետական կյանքի հերթական կարևոր հանգրվանն է, որը վերահաստատում է ժողովրդավարության հիմնարար սկզբունքը՝ իշխանությունը բխում է ժողովրդից և իրականացվում է նրա կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով։
Նախ ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներին՝ կատարած աշխատանքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության զարգացման գործում ունեցած ներդրման համար։
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Նրանց ակտիվ մասնակցությունը ընտրություններին և ազատ կամարտահայտությունը ոչ միայն ժողովրդավարական գործընթացի կարևոր բաղադրիչն են, այլև մեր պետականության կենսունակության, հանրային պատասխանատվության և քաղաքացիական հասունության լավագույն վկայությունը։
Շնորհավորում եմ խորհրդարանական մեծամասնություն ձևավորած քաղաքական ուժին՝ քաղաքացիների վստահության քվեն ստանալու կապակցությամբ։ Միաժամանակ շնորհավորում եմ Ազգային ժողով անցած բոլոր քաղաքական ուժերին, որոնց ընտրել են մեր քաղաքացիները՝ իրենց գաղափարներն ու ակնկալիքները ներկայացնելու և պաշտպանելու համար։
Հարգելի՛ պատգամավորներ,
Յուրաքանչյուր գումարման Ազգային ժողով ձևավորում է ոչ միայն տվյալ ժամանակաշրջանի քաղաքական օրակարգը, այլև պետության ինստիտուցիոնալ զարգացման մշակույթը։ Հետևաբար այս խորհրդարանի գործունեության արդյունքները չափվելու են ոչ միայն ընդունված օրենքների քանակով, այլև դրանց որակով, հանրային ազդեցությամբ և պետության երկարաժամկետ զարգացմանը բերած նպաստով։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այս դահլիճից ակնկալում են հասուն քաղաքականություն, պատասխանատու օրենսդրություն և այնպիսի բանավեճ, որի առանցքում կլինի ոչ թե քաղաքական հակադրությունը, այլ պետական մտածողությունը։
Ազգային ժողովը երկրի բարձրագույն ներկայացուցչական և օրենսդիր մարմինն է։ Այն պետության թիվ մեկ քաղաքական ամբիոնն է, որտեղ գաղափարների մրցակցությունը պետք է վերածվի պետական լուծումների, քաղաքական տարաձայնությունները՝ ավելի լավ որոշումների, իսկ հանրային վստահությունը՝ արդար և կենսունակ օրենքների։
Ժողովրդավարության ուժը պայմանավորված չէ կարծիքների միանմանությամբ։ Այն կայանում է տարբեր կարծիքների խաղաղ, արժանապատիվ և պատասխանատու համակեցությամբ՝ հանուն մեկ նպատակի՝ Հայաստանի Հանրապետության հզորացման և հանրային բարօրության։ Խորհրդարանական բանավեճը ժողովրդավարության անբաժանելի մասն է։
Սակայն դրա արժեքը որոշվում է ոչ թե հնչող խոսքերի սրությամբ, այլ այն գաղափարներով, որոնք ծառայում են հանրային բարիքին։ Քաղաքական մրցակցությունն ինքնանպատակ չէ. այն արժեք է այնքանով, որքանով նպաստում է ավելի արդյունավետ կառավարմանը, ավելի արդար օրենսդրությանը և ամուր պետությանը։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պատգամավորին օժտել է ամբողջ ժողովրդին ներկայացնելու բարձր առաքելությամբ։ Այդ առաքելությունը ենթադրում է որոշումներ կայացնել ոչ թե պահի քաղաքական նպատակահարմարությամբ, այլ խղճի, մասնագիտական համոզմունքի և պատասխանատվության թելադրանքով։
Դա պահանջում է նաև համարձակություն՝ ընդունելու այնպիսի որոշումներ, որոնք միտված են հանրային բարիքին, պետության երկարաժամկետ շահին և ապագա սերունդների բարեկեցությանը։
Հանրության սպասելիքն է, որ Ազգային ժողովը այն վայրն է, որտեղ տարբեր քաղաքական հայացքները ոչ թե խորացնում են բաժանարար գծերը, այլ մրցում են պետությանն առավել օգտակար լուծումներ առաջարկելու հարցում։ Մեզ անհրաժեշտ է քաղաքական մշակույթ, որտեղ անհամաձայնությունը չի վերածվում անհանդուրժողականության, իսկ սկզբունքայնությունը երբեք չի բացառում փոխադարձ հարգանքը։
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը վստահվել է երկրի կառավարման ծանրությունը։ Այդ վստահությունը նախ և առաջ գերագույն պատասխանատվություն է՝ անշեղորեն առաջնորդվելու Սահմանադրությամբ և օրենքներով, լիարժեք գիտակցելու հանրային վստահության արժեքը և կրելու կայացվող յուրաքանչյուր որոշման ամբողջական պատասխանատվությունը։
Քաղաքական մեծամասնության ուժը չափվում է ոչ միայն իր լիազորություններով, այլև իր պատասխանատվության խորությամբ։
Ժողովրդավարական խորհրդարանում առանձնահատուկ նշանակություն ունի ընդդիմության դերը։ Արդյունավետ ընդդիմությունը պետական կառավարման անհրաժեշտ բաղադրիչ է։ Նրա վերահսկողական գործառույթը, սկզբունքային և մասնագիտական քննադատությունը, այլընտրանքային առաջարկներն ու նախաձեռնությունները նպաստում են կառավարման որակի բարձրացմանը, բացթողումների ժամանակին արձագանքելուն և պետական քաղաքականությունների շարունակական կատարելագործմանը։ Ի վերջո, առողջ ժողովրդավարության մեջ իշխանությունն ու ընդդիմությունը տարբեր ճանապարհներով ծառայում են նույն նպատակին՝ Հայաստանի Հանրապետության առաջընթացին։
Խորհրդարանը ձևավորվել է հանրային կամքը պետական որոշումների վերածելու բարձրագույն ձգտումով։ Այստեղ տարաձայնությունները բնական են, երբեմն՝ անխուսափելի, սակայն դրանք արժեք են միայն այն դեպքում, երբ ծառայում են ավելի լավ որոշումների կայացմանը, ավելի արդար օրենքների ընդունմանը և պետության զարգացմանը։
Մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները պահանջում են պետական շահի բարձր գիտակցում, հեռատեսություն և համագործակցելու կարողություն։
Հարգելի՛ պատգամավորներ,
Պետության պատմության մեջ յուրաքանչյուր գումարման Ազգային ժողով թողնում է իր ուրույն հետքը։ Այդ հետքը ձևավորվում է ոչ միայն ընդունված օրենքներով, այլև այն քաղաքական մշակույթով, որ հաստատվում է այս դահլիճում, այն պատասխանատվությամբ, որով իրականացվում է ժողովրդի տված մանդատը, և այն վստահությամբ, որը ձևավորվում է պետության ու քաղաքացու միջև։
Թող 9-րդ գումարման Ազգային ժողովը հիշվի որպես խորհրդարան, որտեղ քաղաքական մրցակցությունը երբեք չի գերազանցել պետական պատասխանատվությանը, որտեղ գաղափարական տարբերությունները չեն խոչընդոտել համապետական ազդեցության հարցերում համախմբմանը, և յուրաքանչյուր որոշման հիմքում եղել է Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների շահը։
Մաղթում եմ ձեզ իմաստուն, արդյունավետ և պատասխանատու աշխատանք՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի»։



