Դեսպանից՝ փոխվարչապետի խորհրդական․ ինչ ունեցվածք ունի Կարեն Նազարյանը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ՀՀ փոխվարչապետի խորհրդական Կարեն Նազարյանի անցած ճանապարհը, նրա զբաղեցրած պաշտոններն ու գույքի, եկամուտների եւ ծախսերի վերաբերյալ հայտարարագրերը։ Ներկայացնում ենք, թե ինչ ունեցվածք է նա ունեցել դեռեւս 2021 թվականին, երբ Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան էր, եւ ինչ ունի այժմ։
Ո՞վ է Կարեն Նազարյանը։
Կարեն Նազարյանը ծնվել է 1966 թվականի նոյեմբերի 29-ին Երեւանում։ Նա ավարտել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետը, ապա՝ ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան։ 1991 թվականից աշխատել է ՀՀ արտաքին գործերի համակարգում։ Տարիների ընթացքում եղել է ՀՀ դեսպան Իրանում, ՀՀ մշտական ներկայացուցիչ ՄԱԿ-ում՝ Նյու Յորքում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, դեսպան Սուրբ Աթոռում եւ Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտում, ինչպես նաեւ ՀՀ ոչ ռեզիդենտ դեսպան Պորտուգալիայում։
2015-2017 թվականներին նա եղել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի բանակցություններում հայկական կողմի գլխավոր բանակցողը։ 2024 թվականի փետրվարի 2-ից Նազարյանը ՀՀ փոխվարչապետի խորհրդականն է։
Ի՞նչ ուներ Նազարյանը 2021 թվականին։
2021 թվականին, երբ նա Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան էր, Նազարյանը հայտարարագրել էր Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարան։ Այն նրա միանձնյա սեփականությունն էր եւ ձեռք էր բերվել 2014 թվականի նոյեմբերի 13-ին՝ ժառանգության միջոցով։
Տրանսպորտային միջոց 2021 թվականի հայտարարագրում նշված չէր։ Նազարյանը նաեւ հայտարարագրել էր 2005 թվականին գնված կահույք՝ 5 մլն դրամ արժեքով։
Նրա բանկային հաշիվներում տարվա սկզբին եղել է 96 հազար 600 եվրո, իսկ տարեվերջին՝ 100 հազար եվրո։ Կանխիկ դրամական միջոցներ նա չէր հայտարարագրել։
2021 թվականին Նազարյանի եկամուտը կազմել է 39 հազար 247 եվրո, որը ՀՀ ԱԳՆ-ից ստացել է որպես աշխատանքի վարձատրություն եւ դրան հավասարեցված այլ վճարումներ։ Հայտարարագրում դրա դրամական համարժեքը նշված է 21 մլն 355 հազար 77.64 դրամ։
Միաժամանակ, այդ տարի Նազարյանը 20 հազար ԱՄՆ դոլար է ծախսել ուսման կամ այլ դասընթացների համար, որի դրամական համարժեքը կազմել է 8 մլն 192 հազար 600 դրամ։
Ի՞նչ ունի այժմ։
2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Նազարյանի անշարժ գույքի կազմում կրկին առկա է Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարանը։ Գույքի ցանկում արդեն առկա է նաեւ 2023 թվականի արտադրության BMW ավտոմեքենա, որը ձեռք է բերվել 2023 թվականի նոյեմբերի 8-ին՝ գնման միջոցով։
Նա հայտարարագրել է նաեւ 2002 թվականին ձեռք բերված կահույք՝ 15 հազար շվեյցարական ֆրանկ արժեքով։
Դրամական միջոցների մասով եւս փոփոխություն կա։ 2025 թվականի սկզբին նրա բանկային հաշիվներում եղել է 20 հազար ԱՄՆ դոլար եւ 1000 եվրո, իսկ տարեվերջին՝ 27 հազար 500 ԱՄՆ դոլար։ Կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբի 500 հազար դրամից տարեվերջին հասել են 1 մլն դրամի։
2025 թվականին Նազարյանը ընդհանուր հայտարարագրել է 17 մլն 53 հազար 601 դրամ եկամուտ։ Դրանից 14 մլն 147 հազար 68 դրամը ստացել է վարչապետի աշխատակազմից, իսկ 2 մլն 906 հազար 533 դրամը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։



