ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
«Սևանա լճի ապագան» խորագրով գագաթնաժողովին ընդառաջ տեղի են ունեցել քննարկումներ Սևանի էկոհամակարգի կառավարման հետ կապված ռազմավարական հարցերի շուրջ

«Սևանա լճի ապագան» խորագրով գագաթնաժողովին ընդառաջ տեղի են ունեցել քննարկումներ Սևանի էկոհամակարգի կառավարման հետ կապված ռազմավարական հարցերի շուրջ

2024 թվականի հունիսի 28-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունենալիք «Սևանա լճի ապագան» խորագրով գագաթնաժողովին ընդառաջ կայացած ռազմավարական թեմաների շուրջ քննարկումները ճանապարհ են հարթում Սևանա լճի էկոհամակարգի կառավարման բարելավման համար համագործակցային գործողությունների և նորարար լուծումների համար:

«Սևանա լճի ապագան» գագաթնաժողովը կարևորագույն միջոցառում է, որի նպատակն է հարթակ ստեղծել Սևանա լճի պահպանությանն ուղղված ռազմավարական խնդիրներն ու լճի էկոհամակարգի պահպանմանն ուղղված հնարավորությունները և անհրաժեշտ քայլերը քննարկելու համար:

Ռազմավարական հանդիպում-քննարկումները համախմբել են ոլորտի փորձագետներին, քաղաքականություն մշակողներին, գիտնականներին և շահագրգիռ կողմերին՝ մտքեր փոխանակելու, լուծումներով կիսվելու և գործունակ ծրագրերի համար հիմքեր ստեղծելու: Հանդիպումների արդյունքների հիման վրա կձևակերպվեն ռազմավարական առաջարկներ, որոնք կներկայացվեն հունիսի 28-ին տեղի ունենալիք գագաթնաժողովին:

Հանդիպումները ներառել են չորս հիմնական թեմա, որոնք են՝

կեղտաջրերի կառավարում՝ Սևանա լիճ աղտոտիչների ներհոսքի նվազեցման համար,

կայուն գյուղատնտեսություն՝ ուղղված ջրային ռեսուրսների պահպանությանը,

ջրի մոնիթորինգ և բնապահպանական տվյալների կառավարում՝ գիտահեն որոշումների կայացման համար,

օրենսդրական-ինստիտուցիոնալ շրջանակների ու միջգերատեսչական համագործակցության բարելավում՝ Սևանա լճի էկոհամակարգի արդյունավետ կառավարման համար։

Յուրաքանչյուր այսպիսի հանդիպում մեզ ավելի է մոտեցնում հունիսի 28-ի սպասված իրադարձությանը՝ միասին կերտելով Սևանա լճի կայուն ապագայի տեսլականը:

Առաջարկում ենք հետևել լրահոսին՝ գագաթնաժողովի վերաբերյալ կարևոր տեղեկատվություն բաց չթողնելու համար։
Միասին մենք կարող ենք հասնել փոփոխության՝ հանուն Սևանա լճի և ապագա սերունդների:

«Սևանա լճի ապագան» խորագրով գագաթնաժողովը հյուրընկալում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ EU4Sevan ծրագրի շրջանակում: Գագաթնաժողովի համակազմակերպիչն է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը:

EU4Sevan ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ), որն իրականացվում է ԳՄՀԸ-ի և ՄԱԶԾ-ի կողմից:

  • Կիսվել: