ուրբաթ, հուլիս 5
5 / 7 / 2024
Ավելին կտեսնեք. Բլինքենը՝ Վրաստանում «գործակալների օրենքի» վերաբերյալ

Ավելին կտեսնեք. Բլինքենը՝ Վրաստանում «գործակալների օրենքի» վերաբերյալ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վրաստանում «գործակալների օրենքի» ընդունման առնչությամբ ասել է, որ արդեն ձեռնարկվել են մտահոգություններն արտահայտելու ինչ-ինչ քայլեր, բայցև խոստացել է` ավելին կտեսնեք, գրում է aliq.ge-ն:

Բլինքենը նշել է, որ «գործակալների օրենքն» ակնհայտորեն հակասում է այն եվրոպական ուղղությանը, որին ձգտում են Վրաստանն ու վրացիների մեծամասնությունը:

«(Վրաստանի «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» կապակցությամբ — հեղ.) մենք և բազմաթիվ այլ երկրներ խորը մտահոգություն ենք հայտնել, հատկապես՝ դրա ընդունման կապակցությամբ: Եվ մենք քայլեր ենք ձեռնարկել այդ մտահոգությունը ցույց տալու համար, և կարծում եմ` դուք կտեսնեք ավելին,- ասել է Բլինքենը։

Նշենք, որ ավելի վաղ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտն անհատական ​​պատժամիջոցներ և վիզային արգելքներ էր սահմանել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության և խորհրդարանի անդամների, ինչպես նաև իրավապահների և այլ մասնավոր անձանց նկատմամբ։

Հիշեցնենք. 2024 թվականին Վրաստանի կառավարող թիմը խորհրդարան է ներկայացրել նախորդ տարի քննարկված «գործակալների օրենքը»՝ անվանման աննշան փոփոխությամբ և նույն բովանդակությամբ, որն ընդունվել է երեք ընթերցմամբ։ Չնայած զանգվածային բողոքին՝ խորհրդարանական մեծամասնությունը հաղթահարեց նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն, և ընթացակարգով հունիսի 3-ին խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրեց «գործակալների օրենքը»։

 

  • Կիսվել: