ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սահմանվել է հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի ներդնման կարգը

Սահմանվել է հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի ներդնման կարգը

Կառավարությունը սահմանել է հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի ներդնման կարգը:

Հիմնավորման համաձայն՝ միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությունով և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ հաշվարկվել են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանի ստորերկրյա ջրերի բնական պաշարների, 2016 թ. դրությամբ ջրավազանը սնող բնական ռեսուրսների և ընդհանուր շահագործական պաշարի արժեքները։

Արարատյան դաշտի 2016 թ. ջրատնտեսական հաշվեկշռի տարրերի հաշվարկային արժեքները ցույց են տալիս, որ մարդու գործունեության հետևանքով Արարատյան արտեզյան ավազանում առկա է ջրի զգալի դեֆիցիտ։ Դիտարկումները ցույց են տալիս, որ շարունակվում է ստորերկրյա ջրերի մակարդակների և ճնշումների իջեցումները, ինչը վկայում է, որ փաստացի ջրառը կատարվում է թույլատրելի սահմանից ավելի:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պայմանավորված բնակլիմայական պայմաններով և մարդու անհաշվենկատ ու անխնա գործունեությամբ Արարատյան արտեզյան ավազանում տեղի է ունենում ստորերկրյա ջրերի հյուծում (սպառում, աղտոտում), ինչը շատ կարճ ժամանակահատվածում կբերի համընդհանուր բնապահպանական և սոցիալ-տնտեսական աղետի, ուստի անհրաժեշտ է իրականացնել ստորերկրյա ջրային ռեսուրսների գերշահագործման կանխմանն ուղղված միջոցառումներ։

Որոշմամբ սահմանված կարգով կարգավորվում են հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարանների գործունեության հետևանքով ստորերկրյա ջրային ռեսուրսների ջրային հաշվեկշռի անհավասարակշռության վերականգնման և պահպանման նպատակով փակ շրջանառու համակարգի ներդնման հետ կապված հարաբերությունները:

  • Կիսվել: