Եվրախորհրդարանը Վրաստանին դատապարտող բանաձև է ընդունել
Եվրախորհրդարանը 445 կողմ և 37 դեմ ձայներով Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել` «Վրաստանի ընդդիմադիր կուսակցություններն արգելելու «Վրացական երազանք» իշխող կուսակցության փորձերի մասին» վերնագրով, հայտնում են վրացական լրատվամիջոցները:
Նշվում է, որ փաստաթղթում Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է վրացական ընդդիմադիր կուսակցություններին արգելելու փորձերը և պահանջում անհապաղ հետ կանչել նրանց դեմ ներկայացված սահմանադրական հայցը։
Ըստ բանաձևի՝ Վրաստանում արձանագրվում է հետընթաց ժողովրդավարության, ԶԼՄ-ների ազատության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ոլորտներում։
Դրանից բացի՝ բանաձևում նաև կոչ է արվում անհապաղ և անվերապահ ազատ արձակել այն անձանց, որոնց հեղինակները համարում են քաղբանտարկյալներ, այդ թվում՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն։
Միևնույն ժամանակ Եվրախորհրդարանը վերահաստատում է իր աջակցությունը վրաց ժողովրդի եվրոպական ձգտումներին։



