ՔՏՀԱ տեսչական մարմնում քննարկվել են քաղաքաշինության վերահսկողության ոլորտի հինգ ամսվա արդյունքները
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում հունիսի 23-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում, որը վարել է Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ, քաղաքաշինական գործունեության ոլորտը համակարգող Սուրեն Մինասյանը։
Հանդիպմանը մասնակցել են Քաղաքաշինական գործունեության վերահսկողության վարչության և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, մասնագետները։
Ամփոփվել են 2026 թվականի անցած 5 ամիսների ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները, և քննարկվել են գործառնական հետևյալ հիմնական ուղղությունները.
- Դիտարկվել է գործունեության տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների ընթացքը։ Ս. Մինասյանի կողմից շեշտադրվել է ժամանակացույցերի հստակ պահպանումն ու կանխարգելիչ գործիքակազմի կիրառումը։
- Ամփոփվել է քաղաքաշինության ոլորտում հարուցված վարչական վարույթների վիճակագրությունը, և քննարկվել է իրավական ընթացակարգերի անթերի իրականացման անհրաժեշտությունը։
- Անդրադարձ է կատարվել օբյեկտների փաստագրման և շահագործման թույլտվությունների տրամադրման փուլում տեսչական հսկողության խստացմանը։
- Հատուկ ուշադրություն է դարձվել պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողությանը։
- Վերլուծվել է քաղաքացիներից ստացված («Թեժ գծի» և դիմում-բողոքների) ահազանգերի ու դիմումների քննության օպերատիվությունը։
- Կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացվել են քաղաքաշինության բնագավառի օրենսդրական և իրավական կարգավորումները՝ տեղերում միասնական պրակտիկա ապահովելու նպատակով։
Քննարկման արդյունքում Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը տվել է մի շարք հանձնարարականներ՝ ուղղված վերահսկողական գործառույթների արդյունավետության բարձրացմանը, խստացմանն ու սահմանված ժամկետների խիստ պահպանմանը։



