կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Քննչական Կոմիտեն չի մեկնաբանում Տիգրան Առաքելյանի հայտարարությունը առ այն, որ վերջինիս խոշտանգել և կտտանքների է ենթարկել Արգիշտի Քյարամյանը

Քննչական Կոմիտեն չի մեկնաբանում Տիգրան Առաքելյանի հայտարարությունը առ այն, որ վերջինիս խոշտանգել և կտտանքների է ենթարկել Արգիշտի Քյարամյանը

Քննչակատ Կոմիտեն չի ցանկամում մեկնաբանել քաղաքացի Տիգրան Առաքելյանի այն հայտարարությունը, ըստ որի վերջինիս իբրև թե խոշտանգել և կտտանքների է ենթարկել ՔԿ պետ Արգիշտի Քյարամյանը։
 
«Անհիմն, օդից արված հայտարարությունները չենք մեկնաբանում․ դրա համար կա իրավական ընթացակարգ։ Անձը, եթե համարում է, որ իր նկատմամբ կատարվել է հանցագործություն, տվյալ դեպքում՝ խոշտանգում, ինչպես պնդում է, կարող է օգտվել այդ ընթացակարգից, քննություն կարվի, կպարզվեն հանգամանքները»,- այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
 
Նշենք, որ քաղաքացի Տիգրան Առաքելյանը  ուղիղ եթերով պատմել էր, թե ինչպես է օրեր առաջ խոշտանգման ենթարկվել քննչական կոմիտեում՝ Արգիշտի Քյարամյանի կողմից։
 
«Ինձ բերման են ենթարկել Երեւան քաղաքի քննչական վարչություն: Այդ օրը մեր տուն եկան խուզարկության, խուզարկությունը դեռ չսկսված ինձ տեղափոխեցին Երեւան քաղաքի քննչական վարչություն: Այնտեղ իմ նկատմամբ եղավ շատ վատ վերաբերմունք, ինձ պահեցին մոտավորապես 11 ժամ, դրանից մոտ 8-9 ժամը եղել եմ ձեռնաշղթաներով` ձեռքերս հետեւում, ենթարկվել եմ ծեծի, հայհոյանքների, ենթարկվել եմ շանտաժի, սպառնալիքների, ինձ ասել են, որ կնոջդ եւ երեխայիդ դու այլեւս չես տեսնելու, մեքենան տակը կգցի, ձեր տունը պաժառ կընկնի գիշերը, ինչ-որ բան կպատահի ընտանիքիդ, որովհետեւ ձեզ ընտանիքով ենք վերացնելու: Ասողը եղել  է ոչ ավել, ոչ պակաս, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Նա այդ օրը ինձ հետ հանդիպել է երկու անգամ: Երկու հանդիպումների ժամանակ էլ ես խոշտանքվել եմ: Խոշտանգվել եմ էլեկտրաշոկով, ջուրը լցրել են վրաս եւ էլեկտրաշոկով մարմնի տարբեր հատվածներում սկսել են վառել: Այնպիսի հարվածներ չեն հասցրել, որ կապտուկ առաջացնեն, բայց  էլեկտրաշոկով կտտանքների են ենթարկել»,- պատմել է նա:
 
Տիգրանը ցույց է տալիս ձեռքի վրա կապտուկի հետքը, հավելելով, որ դեպքից անցել է մեկ շաբաթ եւ շատ հետքեր չի կարող ցույց տալ, եւ դեռ դատաբժշկի ուղեգիր չունի:

Ապա նա շարունակում է. «Նույն Արգիշտի Քյարամյանը երբ ինձ ձեռնաշղթաներով ուղեկցեցին վարչության պետ Ազատ Գեւորգյանի կաբինետ, որտեղ եկել էր նաեւ Արգիշտի Քյարամյանը ինձ հետ հանդիպելու:

Ինձ արդեն խոշտանգած վիճակում են մտցրել իրենց մոտ: Այդ ընթացքում շորերս արյունոտվել էին: Այդտեղ էլ խոշտանգվել եմ, ինձ գետնին գցած Արգիշտի Քյարամյանը կանգնած ոտքերիս, Ազատ Գեւորգյանը ջուրը լցնում էր եւ էլեկտրաշոկը միացնում էր մարմնիս:

Իմ առջեւ պահանջներ էին դրվում, որոնց մասին հիմա կարեւոր է, որ այս պահին չասվի, բայց անպայման կասվի: Ես արդեն հատուկ նամակով դիմել եմ ԱԱԾ տնօրենին, Նիկոլ Փաշինյանին, ՄԻՊ-ին, գլխավոր դատախազին»:

Հիշեցնենք՝ Տիգրան Առաքելյանին օրեր առաջ ձերբակալել են դատարան ներկայացվելու նպատակով՝ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ 

  • Կիսվել: