շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Քննարկվել են կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության հիմնական մարտահրավերները

Քննարկվել են կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության հիմնական մարտահրավերները

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ու հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը հուլիսի 18-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին եւ «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանին:

 

Նարեկ Զեյնալյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում ու կարեւորել փոխգործակցությունը Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի հետ:

 

Քննարկվել են ՀՀ խորհրդարանի հետ համատեղ աշխատանքն առավել գործնական ու համակարգված դարձնելուն ուղղված քայլերը, կարեւորվել է կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների եւ էթիկական սկզբունքների եվրոպական չափորոշիչների վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը:

Մերի Կատվալյանը ներկայացրել է Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» ծրագիրը, որի նպատակն է Հայաստանի օրենսդրությունը, ինստիտուտները եւ պրակտիկան ավելի համապատասխանեցնել մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության բնագավառներում եվրոպական չափանիշներին: Նարեկ Զեյնալյանը վստահեցրել է, որ առողջապահության ոլորտի ՀՀ օրենսդրությունը գրեթե ամբողջությամբ բխում է «Մարդու իրավունքների պաշտպանության եւ կենսաբժշկության մասին» կոնվենցիայի դրույթներից: Քննարկվել են կոնվենցիայի վավերացման գործընթացին առնչվող հարցեր:

Կարեւորվել են նաեւ քրեակատարողական համակարգում ազատությունից զրկված անձանց որակյալ առողջապահական ծառայություններ ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքները, առողջապահության ոլորտում կարողությունների զարգացման ծրագրերի մշակումն ու վերապատրաստումների շարունակական իրականացումը:

Առաջիկայում նաեւ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ կրկին հանդիպելու եւ տարբեր ձեւաչափերով համագործակցության ուղղությունները քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

  • Կիսվել: