երեքշաբթի, նոյեմբեր 24
24 / 11 / 2026
Ես իրավունք ունեմ ծանոթանալ գործին, պաշտպանվել. Ռոբերտ Քոչարյան

Ես իրավունք ունեմ ծանոթանալ գործին, պաշտպանվել. Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանից խնդրել է քրեական գործի էլեկտրոնային տարբերակը։

Նոյեմբերի 24-ին հակասահմանադրական ճանաչված հոդվածով դատական նիստի ընթացքում Քոչարյանը դատարանից խնդրել է հնարավորություն տալ իրացնելու պաշտպանության իր իրավունքը։

Նախկին նախագահը հայտնել է, որ իր տրամադրության տակ չունի գործի նյութերը և այդպիսով հետագայում զրկված է պաշտպանվելու հնարավորությունից։

«Նյութերին ծանոթանալու որևէ հնարավորություն չկա։ Երբ անցնենք հաջորդ փուլին, երևի հնարավորություն կունենամ ծանոթանալու։ Իրավունք ունեմ և ուզում եմ ակտիվորեն պաշտպանվել, բայց հնարավորությունը չկա»,- նշել է նախկին նախագահը։ Նա հավելել է, որ առաջին դատավարության ժամանակ դատավոր Դանիբեկյանը սկզբում տրամադրել էր թղթային տարբերակը, սակայն պարզվել էր, որ այդ դեպքում հենց Քոչարյանի համար խցում տեղ չէր մնա։ Արդյունքում նախկին նախագահին առանց համացանցին միանալու հնարավորության նոթբուք էր տրամադրվել։ Նա հիշեցրել է, որ ՔԿՀ-ում համացանցին չմիացող սարքերն արգելված չեն։

Դատավոր Սարգիս Պետրոսյանը նկատել է, որ եթե մյուս գործով քննիչը խոչընդոտ չի տեսնում, ապա ինքը դեմ չէ։ Փաստաբան Արամ Օրբելյանը պարզաբանել է, որ քննչական մարմնում ընթացակարգերն այնքան երկար են տևում, որ դա գործնականում մերժում է նշանակում։

Ռոբերտ Քոչարյանը կրկնել է, որ ՔԿՀ-ում հեռուստացույցն արգելված չէ, իսկ նման սարքը հեռուստացույցի պես մի բան է։ «Բայց հենց մի ոչ ստանդարտ բան ես ասում, կախվում են։ Ենթադրում եմ՝ մարդիկ վախենում են համարձակություն ստանձնել ու որոշում կայացնել»,- կարծում է Քոչարյանը։

  • Կիսվել: