«Խաղաղության խաչմերուկի» կապակցումը Ռումինիայի ծովային դարպասների հետ կարող է ստեղծել գլոբալ առևտրային երթուղի. Փաշինյան
Այսօր Ռումինիայի նախագահի հետ քննարկել ենք տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր։ Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 24–ին, Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գործընկերոջս ներկայացրել եմ 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովի արդյունքում Հարավային Կովկասում տեղի ունեցած շրջադարձային զարգացումները։ Անդրադարձել եմ Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման պայմաններում առևտրատնտեսական գործարար կապերի զարգացման, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության ընդլայնման համար բացվող լայն հնարավորություններին և այդ առումով ԹՐԻՓՓ ծրագրի կյանքի կոչմանն ուղղված ջանքերի կարևորությանը։
Կարևորելով տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում ավելի սերտ համագործակցության ներուժի համապարփակ իրագործումը, ինչպես նաև հաշվի առնելով եվրոպական տրանսպորտային ցանցերում Ռումինիայի ռազմավարական դիրքը և դեպի Սև ծով ունեցած ելքը, կարծում ենք, որ խաղաղության խաչմերուկի կապակցումը Ռումինիայի ծովային դարպասների հետ կարող է ստեղծել անվտանգ գլոբալ առևտրային երթուղի Հարավային Կովկասից դեպի Կենտրոնական Ասիա»,–ասաց նա։
Փաշինյանը նկատեց, որ Ռումինիան Հայաստանի կարևոր գործընկերն է, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակում, ներառյալ Հայաստան-Եվրամիության գործընկերության շրջանակում. «Գոհունակությամբ ենք արձանագրել Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերջին տարիներին արձանագրած աննախադեպ առաջընթացը, ներկայացրել եմ նաև առաջիկայում այդ ուղղությամբ իրականացվելիք քայլերի հնարավորությունը, ակնկալում ենք, որ կարող ենք ապավինել Ռումինիայի աներբա քաղաքական աջակցության շարունակականությանը դեպի եվրոպական ընտանիք տանող ճանապարհին։
Ամփոփելով ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստան-Ռումինիա արդեն ռազմավարական հարաբերությունները շարունակելու են զարգանալ դինամիկ տեմպով, փոխադարձ շահավետության, վստահության և համատեղ արժեքների շնորհիվ։
Մենք պատրաստ ենք խորացնել այս գործընկերությունը ի շահ մեր պետությունների և ողջ տարածաշրջանի խաղաղության, կայունության և զարգացման»,– ընդգծեց ՀՀ վարչապետը։



