երեքշաբթի, նոյեմբեր 24
24 / 11 / 2026
Հանձնաժողովում քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանությանն ուղղված օրենսդրական կարգավորումները

Հանձնաժողովում քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանությանն ուղղված օրենսդրական կարգավորումները

«Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» և կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ են առաջարկում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Ծովինար Վարդանյանը և Սոնա Ղազարյանը։ Օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում։ Առաջին ընթերցման մանրամասները՝ հղմամբ։

Հիմնական զեկուցող Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ հարցը տևական ժամանակ քննարկվել է, ներկայացվել են առաջարկներ, խմբագրական փոփոխություններ։ Հասարակական կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում ևս ձևավորվել են առաջարկներ։ Պատգամավորը 6 առաջարկ է ներկայացրել։

Նախաձեռնությամբ ոստիկանության իրավասու ծառայողը կանխարգելիչ հաշվառման շրջանակում ՆԳ նախարարի սահմանած ժամկետում, կարգով ու հիմքերով հանդիպումների կամ հեռախոսակապի կամ համացանցային, հեռախոսային հաղորդակցության միջոցով զրույցներ է ունենում հաշվառման վերցված ընտանեկան, կենցաղային բռնության ենթարկված անձանց հետ։

«Փորձել ենք ավելի պարզեցնել ու հստակեցնել լսելի լինելու իրավունքը, որը վերաբերում է բռնություն կիրառող անձանց, եթե այդ անձինք դեպքի վայրում չեն, քանի որ խնդիրներ են լինում, երբ դատարանում պետք է ընթացակարգերը ներկայացվեն»,- պարզաբանել է հիմնական զեկուցողը։

Սահմանվում են կանխարգելիչ հաշվառման վերցնելու կարգը, հաշվառման ընթացքում հանդիպումների, զրույցների անցկացման կարգը, ժամկետները, հիմքերը։ Սահմանվում է, որ պաշտպանական ու անհետաձգելի որոշման ընթացքում երեխաների հետ տեսակցությունն իրականացվում է մյուս ծնողի հետ՝ խնամակալության և հոգաբարձության մարմինների մասնակցությամբ ու ուղեկցությամբ։

Ենթադրաբար ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կամ վկաների լսումն իրականացվում է, եթե լսման անցկացումն ու անհետաձգելի միջամտության որոշման կայացումը հնարավոր է ապահովել որոշակի սահմանված ժամկետում՝ առանց ենթադրաբար բռնության ենթարկված անձի անվտանգությունը վտանգելու, հակառակ դեպքում անհետաձգելի միջամտության որոշումը կայացվում է առանց լսման։

Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի ցուցմունքներից բացի այլ ապացույցների բացակայության կամ դրանք նախատեսված ժամկետում ձեռք բերելու անհնարինության դեպքում անհետաձգելի միջամտության որոշումը կարող է կայացվել բացառապես ընտանեկան բռնության ենթարկված անձի արժանահավատ ցուցմունքի հիման վրա։

Որոշ կարգավորումների ուժի մեջ մտնելու ժամկետն առաջարկվում է սահմանել 2027 թվականի հուլիսի 1-ը։

Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ Կառավարության և գլխադասային հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանի առաջարկներն ընդունվել են։ Օրենսդրական փաթեթի համահեղինակը ներկայացրել է նաև այլ բովանդակային ու խմբագրական առաջարկներ։

Հարցուպատասխանի ձևաչափում անդրադարձ է եղել գործուն զղջման, տնային կալանքի ու կալանքի ինստիտուտներին, առանց լսելու իրավունքի ապահովման գործողությունների իրականացմանը, օրինագծերի փաթեթով առաջարկվող որոշ նոր ձևակերպումների նպատակահարմարությանն ու բովանդակային այլ խնդիրների։

Կառավարության տեսակետը ներկայացրել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Նա մանրամասնել է անհետաձգելի միջամտության որոշման՝ ex parte կայացման հնարավորությանը վերաբերող դրույթը, խոսել դրա կարևորության մասին։ Ըստ ՆԳ նախարարի՝ միջազգային չափորոշչով սեռով պայմանավորված բռնության դեպքում պետք է կիրառել այդ սկզբունքը՝ արդյունք ապահովելու համար։

Նախարարը խոսել է նաև գործի քննության ընթացքում երեխաների վրա ծնողների ազդեցության, ռեաբիլիտացնող ծրագրերի իրականացման, կացարանի մատչելիության, տնային կալանք ու կալանք խափանման միջոցների ու այլ դրույթների վերաբերյալ։

Պատգամավորները կողմ են արտահայտվել ընտանեկան բռնության դեմ պայքարին ու կարևորել օրենսդրական թերացումների բացառմանն ուղղված քայլերը։ Ներկայացվել են օրենսդրական փաթեթի լավարկմանը միտված մի շարք առաջարկներ։

Քննարկումների արդյունքում օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն։

  • Կիսվել: