երեքշաբթի, նոյեմբեր 24
24 / 11 / 2026
Մոսկվան չի տեսնում, թե ինչ հավելյալ ներդրում կարող է ունենալ ԵՄ-ն խաղաղության գործընթացում. Պեսկով

Մոսկվան չի տեսնում, թե ինչ հավելյալ ներդրում կարող է ունենալ ԵՄ-ն խաղաղության գործընթացում. Պեսկով

Աբու Դաբիում Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի միջև նախատեսված եռակողմ բանակցությունների հաջորդ փուլի ժամկետը դեռևս սահմանված չէ՝ հայտնել է Կրեմլի խոսնակը:

Եռակողմ բանակցությունների նախորդ փուլը տեղի է ունեցել Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ը։ Սա Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի միջև նման ձևաչափով առաջին հանդիպումն էր գրեթե ինն ամսվա ընթացքում։ Այս անգամ Աբու Դաբիում էր նաև Եվրոպայի պատվիրակությունը, սակայն եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպել են միայն Վաշինգտոնի և Կիևի թիմերը:

Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ եվրոպացիները հանդես են գալիս Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա ձևաչափն ընդլայնելու օգտին: Սակայն Մոսկվան, նրա խոսքով, դեռևս չի տեսնում, թե ինչ հավելյալ ներդրում կարող է ունենալ ԵՄ-ն խաղաղ կարգավորման գործընթացում:

Օրերս Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Ջարեդ Քուշները հայտարարել էր, որ ռուս-ուկրաինական բանակցային ձևաչափն ընդլայնվելու է, դրան ներգրավվելու է նաև եվրոպական կողմը: Սակայն Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ բանակցությունների եռակողմ ձևաչափի ընդլայնումը Մոսկվայի հետ չի համաձայնեցվել։

Զուգահեռ Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններում Եվրոպան կներկայացնի 5 երկիր՝ Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Թագավորությունը, Իտալիան և Լեհաստանը, ինչպես նաև ԵՄ և ՆԱՏՕ ներկայացուցիչները:

Այնուհետև Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ եվրոպական որոշ երկրների ներկայացուցիչների դիվանագիտական ուղիներով հրավիրել են Մոսկվա՝ ռուս-ուկրաինական գործընթացի վերաբերյալ նրանց դիրքորոշումը հստակեցնելու նպատակով։

  • Կիսվել: