Պոլիկլինիկաներում դադարեցվել է «այլ կաբինետ» որակվող ծառայությունների ֆինանսավորումը
Առողջապահության նախարարությունն այս տարվանից նախատեսում է վերանայել առաջնային օղակներում պետպատվերի շրջանակներում մատուցվող ծառայությունների կազմակերպման մոտեցումները և տրամադրման ծավալները։
Մասնավորապես, պոլիկլինիկաները պետք է դադարեցնեն պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող «այլ կաբինետ» որակվող ծառայությունների ֆինանսավորումը։
«Այլ կաբինետ» որակվող ծառայությունների շրջանակներում մատուցվող անվճար ծառայությունները տարբեր պոլիկլինիկաներում տարբեր են եղել։ Օրինակ` մի պոլիկլինիկայում դա եղել է ստոմատոլոգիական ծառայությունը, ուրիշներում ստամոքսաղիքաբանականը, ուրոլոգիականը։
«Խնդիրը հետևյալն է։ Նման մոտեցումը, այսինքն ծառայությունների տարբերությունը մեկ պոլիկլինիկայում մի ծառայությունն անվճար է, մեկ այլում նույն ծառայությունը վճարովի։ Այն գաղափարը, որ առողջության առաջնային պահպանումը համընդհանուր, մատչելի, բոլորի համար նույն ծառայությունների ծավալով պետք է ապահովի, այստեղ խախտված է» ,– հայտնեց Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը և հավելեց, թե հետագայում ինչ որոշում կկայացվի, ինչպիսի ծրագրեր կլինեն, անհայտ է։
Նա նաև նշեց, որ պոլիկլինիկաներում գործող նեղ մասնագիտական, դիսպանսեր հսկողություն իրականացնող կաբինետները և առողջության առաջնային պահպանման բժիշկների, թերապևտների, մանկաբույժների կողմից ընդհանուր ծառայությունների մատուցումը շարունակում է մնալ անվճար։
Այս տարի սրան զուգահեռ պոլիկլինիկաներում ներդրվում է երկու ծրագիր` մեկը ապագա ամուսնական զույգերի համար, մյուսը`կոլոռեկտալ սքրինինգը։