երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պետք է դատաբժշկական փորձաքննությունն իր եզրակացությունը տա․ Ավանեսյանը՝ 9-ամյա երեխայի մահվան դեպքի վերաբերյալ

Պետք է դատաբժշկական փորձաքննությունն իր եզրակացությունը տա․ Ավանեսյանը՝ 9-ամյա երեխայի մահվան դեպքի վերաբերյալ

Որոշ անձինք արագ եզրահանգումներ էին արել մահվան պատճառի հետ կապված, սակայն պետք է դատաբժշկական փորձաքննությունն իր եզրակացությունը տա, այնուհետև հասկանանք մահվան պատճառն ինչն է եղել, երեխայի մոտ կասկածվել է ջրծաղիկ: 

Այս մասին այսօր կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով  9-ամյա երեխայի մահվանը, որ, համաձայն  սոցցանցերում տարածված ահազանգի, մահացել էր ջրծաղիկից։

«Որոշակի ժամկետ է անհրաժեշտ, որպեսզի բոլոր անհրաժեշտ գործողություններն իրականացվեն և մենք ունենանք արդյունքը։ Նախարարությունը երբեք չի շտապում չճշտված տեղեկություններ հրապարակել և պետք է շատ զգույշ լինել նման տեղեկատվության հետ»,- նշեց նախարարը։ 

Նշենք, որ մարտի 11-ին լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում ջրծաղիկից 9-ամյա երեխայի մահվան դեպք է գրանցվել:

Ավելի ուշ Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ  երեխան մարտի 7-ից ունեցել է ջրծաղիկին բնորոշ ցան և այլ ախտանշաններ: Մարտի 10-ին որովայնացավերի պատճառով դիմել են «Արարատի» ԲԿ, որտեղ նախնական ախտորոշվել է ինֆեկցիոն տոքսիկ շոկ, ջրծաղիկ «կասկածելի»:

Մի քանի ժամ անց ընդհանուր վիճակի կտրուկ վատացման ֆոնին որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևանի բուժկենտրոններից մեկը՝ հետագա հետազոտման և բուժման նպատակով։

Ճանապարհին դիտվել է երեխայի վիճակի կտրուկ վատացում, սրտի կանգ, նրան տեղափոխել են ամենամոտ տեղակայված բուժհաստատություն՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ժամը 23:30-ին։

50 րոպե տևողությամբ կատարված լայնածավալ վերակենդանացման միջոցառումները եղել են անարդյունավետ։ Սրտի ռիթմը չի վերականգնվել և ժամը 00։20-ին արձանագրվել է կլինիկական մահ։

  • Կիսվել: