Պայթյունից տուժած բնակիչները կապահովվեն ժամանակավոր կացարաններով. քաղաքապետ
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով Երեւանում այսօր առավոտյան տեղի ունեցած պայթյունին, Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այսօր առավոտյան Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում նախնական տվյալներով գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, քառահարկ պանելային շենքը մասնակի փլուզվել է։
ԱԻՆ փրկարարական ծառայությունն այժմ որոնողա-փրկարարական աշխատանքներ է տանում։
Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել եմ պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով։ Մասնագետները կուսումնասիրեն մասնակի փլուզված շենքի սեյսմակայունության եւ դրա հիման վրա՝ հետագայում վերականգնման հարցը։
Որոնողական աշխատանքներից եւ հետաքննության ավարտից հետո տարածքը կմաքրվի»։
Ինչպես ավելի վաղ հայնտել էինք, այսօր առավոտյան Երևանի Ռայնիսի փողոցում պայթյուն է որոտացել, դեպքի վայր է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակկանը։
Ըստ նախնական տվյալների փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի․ իրականացվել է 21 քաղաքացու տարհանում։ Երկու տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։





