երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պատվաստումը մեզ դուրս կհանի համավարակից. Ավանեսյան

Պատվաստումը մեզ դուրս կհանի համավարակից. Ավանեսյան

Պատվաստումը և դիմակների կրման ռեժիմը խստորեն պահպանելը այն միջոցներն են, որոնք պետք է, ի վերջո, դուրս հանեն բնակչությանը կորոնավիրուսի համավարակից: Այս մասին Հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Հարցին, թե ինչպես է նախարարությունը պատրաստվում լուծել այն խնդիրը, որ հիվանդանոցներում մահճակալներն արդեն չեն բավականացնում հիվանդներին հոսպիտալացնելու համար, Ավանեսյանը պատասխանեց, որ տվյալ պահին 2600 մահճակալ արդեն զբաղված է, սակայն խնդիրը ոչ միայն մահճակալային ֆոնդի, այլև բուժանձնակազմի ռեսուրսի սահմանափակ լինելն է:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Մենք պիտի հասկանանք, որ խոսքը միայն մահճակալների մասին չէ, այլ նաև բուժանձնակազմի: Մենք պիտի հասկանանք, որ մեր բժիշկների, բուժքույրերի, մայրապետերի ռեսուրսը սահմանափակ է, և մենք պիտի ամեն ինչ անենք, որպեսզի այս հիվանդացության ալիքը հնարավորինս մեղմենք:

Ի՞նչ պիտի անենք: Պիտի դիմակների կրման ռեժիմը խստորեն պահպանենք: Ոչինչ չարժեցող, փոքր գործողություն է, որը կարող է ձեր կողքը կանգնած մեկի կյանքը փրկել: Սա՝ առաջինը: Երկրորդը, իհարկե, պատվաստումներն են: Պատվաստումը այն միջոցն է, այն կարևոր, կանխարգելիչ միջոցառումն է, որը պիտի, ի վերջո, դուրս հանի մեզ այս համավարակից՛՛:

Ըստ նախարարի՝ տվյալ պահին հնարավոր չէ ասել, թե որքանով է ավելացվելու մահճակալային ֆոնդը, և նախ պետք է պարզել, թե որ հիվանդանոցներում ո՛ր բաժանմունքներն են կարողանում ազատել իրենց մահճակալները ընթացիկ այլ հիվանդությունների սպասարկումից և դրանք հատկացնել կորոնավիրուսով հիվանդներին:

  • Կիսվել: