Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ` տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին
Երեկ այցելել եմ պոլիկլինիկաներ և դեղատներ` տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
՛՛Նախ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին անկեղծ, կառուցողական մոտեցման և պատրաստակամության համար: Այս ծրագրի նպատակը մարդկանց ընտրության հնարավորություն տալն է, որ ոչ թե մենք մի տեսակի դեղ գնենք մրցույթով և տրամադրենք, այլ փոխհատուցման չափով հնարավորություն տանք մարդուն` ընտրելու իրեն ցուցված դեղաձևի բրենդը:
Իհարկե, սկսել ենք պիլոտի ձևաչափով, որ և´ պացիենտները, և´ համակարգը սովորեն նոր ձևաչափին, և հնարավորություն ունենանք ընթացիկ շտկումներ անել:
Շրջայցին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի ոլորտային պատասխանատուները. արդյունքները կամփոփվեն, կբարելավենք տեխնիկական լուծումները և դեռ մի ընթացք էլ դեղորայքի որոշ պաշար կպահենք պոլիկլինիկայում` մինչև մեր քաղաքացիները լրիվ կադապտացվեն նորամուծություններին:
Շնորհակալ եմ բժիշկներին և դեղատան աշխատակիցներին, որ ջանք ու եռանդ չեն խնայում բարեփոխումների ընթացքն ապահովելու համար՛՛,-նշել է նա: