Պարոն վարչապետ, մեր աշխատավարձն էլ բարձրացրեք` դարձնելով 1,5, լավ համեստ ենք` 1 մլն դրամ. ԵՊՀ դասախոս
Երևանի պետական համալսարանի մի խումբ դասախոսներ գործադուլ են սկսել` պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձերը:
Այսօր ես արդեն իմ անունից պահանջում եմ` բարձրացրեք մեր աշխատավարձը` մեկուկես... լավ, մենք համեստ ենք` մեկ միլիոն դրամ: Իսկ մյուս 500 հազարը վճարեք մեր խեղճուկրակ ուսուցիչներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի դասախոս Ռիտա Սաղաթելյանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի որոշմամբ` հուլիսից նախարարների աշխատավարձերը բարձրացել են` կազմելով 1,5 մլն դրամ, իսկ փոխնախարարներինը` 1 մլն դրամ:
Ռիտա Սաղաթելյանը նշեց, որ իրենց նախազգուշական գործադուլի նպատակն է ցույց տալ երկրի ղեկավարությանը, որ գիտնականները մնացել են լուսանցքում:
«Այո, պարոն վարչապետ, լուսանցքում մնացել են երկրիդ գիտնականները, գիտության առաջ տանող ուժը, ազգի սերուցքը և հիմա հարց՝ ինչո՞ւ պետք է ՀՀ գիտնականը մնա լուսանցքում: Մեզ՝ գիտնականներիս մի սարքեք ծամոն հանրության բերանին, որ իբր մենք լափում ենք պետության բյուջեն, որ կաշառակեր ենք, մի պիտակավորեք»,-բողոքեց դասախոսը:
Նշենք, որ ԵՊՀ դասախոսների մեկօրյա գործադուլն ի նշան ուսանողների հետ համերաշխության է:
Հավելենք, որ ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների ուսանողները նոյեմբերի 6-ից դասադուլ են անում՝ բողոքելով նախարարության նախաձեռնած «Բարձրագույն կրթության մասին» օրինագծից, որով առաջարկվում է բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ուսուցումը դարձնել ոչ թե պարտադիր, այլ` ընտրովի:
ՀՅԴ երիտասարդները ևս դեմ են ԿԳՄՍՆ-ի այս օրինագծից ու օրեր շարունակ բողոքի ակցիաներ, նստացույցեր ն իրականացնում` պահանջելով ԿԳՄՍ նախարար ԱՐայիկ Հարությունյանի հրաժարականը: Նախորդ շաբաթ նրանց հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց որ չի կիսում նրանց պահանջներից ոչ մեկը: Իր հերթին Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: