Պարետն արտակարգ դրության պայմաններում գոհ է ԱԳՆ-ի աշխատանքից
ՀՀ փոխվարչապետ, պարետ պարետ Տիգրան Ավինյանն այսօր «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարի ժամանակ ասաց, որ դրական է գնահատում Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին Արտաքին գործերի նախարարության աշխատանքը։
Նա, մասնավորապես, նշեց. «Նախարարությունը տարբեր միջոցներով կարողացավ կազմակերպել արտասահմանում գտնվող մեր հայրենակիցների վերադարձը դեպի Հայաստանի Հանրապետություն։ Կարծում եմ, որ պետական կառավարման համակարգն իր դրական կողմերով հանդես եկավ։ Այս օրերին մեր առջև ծառացած մարտահրավերները տարաբնույթ են եղել, սակայն այդ համակարգը նման սթրեսի դեռ չէր ենթարկվել։ Մենք սկզբում ունեինք բավականին մտահոգիչ փաստարկներ, որ պետական համակարգը չի կարողանա բավարար չափով դիմակայել, բայց, այնուամենայնիվ, կատարվեց կազմակերպչական բավականին լավ աշխատանք»,- նշեց Ավինյանը և հավելեց, որ ամենակարևոր խնդիրներից են եղել իրավական կարգավորումները։
Ավինյանի խոսքով՝ այս ընթացքում ամենակարևոր ձեռքբերումներից է եղել այն, որ հնարավոր է եղել լուծել առողջապահական համակարգի կարողությունների խնդիրը։
Այս առնչությամբ նա ասաց. «Մենք ունենք բժիշկների պոտենցիալ թվաքանակի խնդիր, որովհետև այդ կարողությունները միայն թոքերի արհեստական շնչառության սարքավորումները և մահճակալները չեն, դրանք նաև մարդիկ են։ Առողջապահության նախարարության արդյունավետ աշխատանքի շնորհիվ ձեռնարկվեցին վերապատրաստման արագացված կուրսեր, և, կարելի է ասել, որ նույնիսկ երիտասարդ ուսանողները որոշ չափով պատրաստ դարձան սպասարկելու նմանատիպ հիվանդների»:
Պարետն ասաց նաև, որ ընդհանուր առմամբ սրանք են եղել աշխատանքային հիմնական խնդիրները որոնց հանդիպել է արտակարգ դրության օրերին։



