շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ովքեր են հեռուստաընկերությունների սեփականատերերը և ինչ կապեր ունեն քաղաքական ուժերի հետ

Ովքեր են հեռուստաընկերությունների սեփականատերերը և ինչ կապեր ունեն քաղաքական ուժերի հետ

Հեռուստաալիքների լիցենզավորման՝ 2021-ի հունվարին կայացած մրցույթի արդյունքում Հայաստանի տարածքում հեռարձակվելու իրավունք ստացան «Արմենիա Թիվի», «Երկիր մեդիա», «Շանթ», «ATV», «Կենտրոն» հեռուստաալիքները: Իսկ միայն մայրաքաղաքում հեռարձակվում են «5-րդ ալիքը», «Առփի մեդիան», Freenews-ը, «Դար 21»-ը և «Նոր Հայաստանը». գրում է fip.am-ը։

Հեռուստաալիքների և քաղաքական ուժերի կապի, դրանց ֆինանսավորման աղբյուրների, իրական սեփականատերերի մասին տեղեկությունները հաճախ են շրջանառվում մամուլում։

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 15-րդ հոդվածը սահմանում է, որ մասնավոր հեռուստաընկերության սեփականատեր չեն կարող լինել կառավարության անդամները, ԱԺ պատգամավորները, տեղական ինքնակառավարման մարմինները և նրանց փոխկապակցված անձինք, կուսակցությունները և այլն։ 

2021-ից հեռուստաընկերությունները պարտավոր են ներկայացնել նաև իրական շահառուների մասին հայտարարագիր։ Իրական շահառուն այն անձն է, որը 20 և ավելի տոկոսի բաժնետեր է հանդիսանում կամ էական ազդեցություն ունի տվյալ կառույցում ռազմավարական որոշումների ընդունման վրա։

Բացի այդ, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 19-րդ հոդվածը սահմանում է, որ հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ապահովել իրենց ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությունը և հրապարակել իրենց տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան եկամուտների մասին տեղեկատվությունը։ 

Հեռուստաընկերություններից միայն «Արմենիա Թիվիի»«ATV»-ի, Freenews-ի  կայքերում են հասանելի ֆինանսական միջոցների վերաբերյալ տվյալները։ Ըստ էության, հեռուստաընկերությունները հետևում են օրենքի պահանջին և հրապարակում տարեկան հաշվետվությունները, բայց օրենքը չի պարտադրում տարեկան հաշվետվությունը հասանելի թողնել ամբողջ տարվա ընթացքում։ Այսինքն, հեռուստաընկերությունները տարեկան մեկ անգամ հաշվետվությունը հրապարակելուց հետո կարող են որոշ ժամանակ անց հեռացնել այն կայքից։

FIP.am-ը փորձել է հասկանալ՝ ովքեր են հեռուստաալիքների սեփականատերերը և ինչ կապ ունեն քաղաքական ուժերի հետ։

Առփի մեդիա

«Առփի մեդիան»` «Նուռ TV»-ն, հիմնադրվել է 2020 թվականին, հիմնադիրներն են Գրիգոր Բաբախանյանն ու Արմեն Մուրադյանը՝ 50-ական տոկոս բաժնեմասով։ Գրիգոր Բաբախանյանն ու Արմեն Մուրադյանը ազգականներ են։ Գրիգոր Բաբախանյանը կամ նույն ինքը՝ Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը բանաստեղծ է, հասարակական գործիչ, նա նաև «Հայ միասնականության Խաչ» բարեգործական, մշակութային ՀԿ-ի հիմնադիրն է։

«ATV»

«ATV»-ի հիմնադիրը Արմենակ Մարգարյանն է։ Հեռուստաընկերությունը հիմնադրվել է 1999-ին։ Այս տարիներին հեռուստաընկերության սեփականատերերը պարբերաբար փոխվել են։ Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ 2012-2016 թվականներին «ATV» հեռուստաընկերության 49%-ի բաժնետեր է եղել օֆշորում գրանցված «Էմջիդիսի» ընկերությունը, իսկ մյուս 51%-ը պատկանել է Բագրատ Սարգսյանին։ Ըստ օրենքի՝ օտարերկրյա կապիտալի մասնաբաժինը չպետք է հավասար լինի կամ գերազանցի հեռարձակող կազմակերպության որոշումների ընդունման համար անհրաժեշտ բաժնեմասերի 50%-ից, այս դրույթը պահպանվել է՝ օտարերկրյա ընկերության մասնաբաժինն ընդամենը 1%-ով պակաս է եղել։ «Էմջիդիսի» ընկերությունը բաժնեմաս է ունեցել նաև «Ձորագետ հիդրո» ՍՊԸ-ում (Ձորագետի հիդրոէլեկտրակայան), որը փոխկապակցված է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ, ինչի մասին «Փաստերի ստուգման հարթակն» արդեն իսկ գրել է։ 2016-ին «Էմջիդիսի» ընկերությունն իր բաժնեմասը վաճառել է Բագրատ Սարգսյանին։ Այսպիսով, մինչև 2019 թվականը հեռուստաընկերության 100%-ը պատկանել է Բագրատ Սարգսյանին։ 

2019 թվականին ընկերությունն արդեն վաճառվեց Դավիթ Ավետիսյանին և «Panarm Inc.» ընկերությանը։ Ինչ վերաբերվում է Բագրատ Սարգսյանին, ապա նա իր եղբոր՝ Վահագն Սարգսյանի հետ հետագայում տեղափոխվեց ԱՄՆ և հիմնեց «USArmenia TV» հեռուստաընկերությունը։ 2019 թվականին «Պանարմենիան Մեդիա Գրուպը», որի կազմում էր նաև «ATV»-ն, հայտարարեց, որ դադարեցնում է գործունեությունը որպես մեդիա միավորում։ Կազմակերպության հաղորդագրության համաձայն՝ իր հետ համագործակցող ընկերությունների բաժնետերերի կազմում մի շարք փոփոխություններ տեղի ունեցան։ «ATV»-ի բաժնետոմսերի 51%-ի սեփականատեր դարձավ հեռուստատեսային մենեջեր Դավիթ Ավետիսյանը, իսկ 49%-ի սեփականության իրավունքը փոխանցվեց ամերիկյան «Panarm Inc.» ընկերությանը:

Իրական շահառուների հայտարարագրում, սակայն, միայն Դավիթ Ավետիսյանի անունն է նշված։

«ATV» հեռուստաընկերության 49%-ի բաժնետեր «Panarm Inc.»-ը գրանցված է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում։ Ամերիկյան ընկերությունների մասին պաշտոնական տվյալներ տրամադրող «Քորփորեյշն Վիքի» կայքի համաձայն՝ ընկերությունը գրանցվել է 2014-ին, իսկ սեփականատերը Ստեփան Ներսիսյանն է։ 

«Արմենիա Թիվի»

«Արմենիա Թիվին» հիմնադրվել է 1998 թվականին, հիմնադիրները Վահագն և Բագրատ Սարգսյաններն են։ Այն փակ բաժնետիրական ընկերություն է։ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 98-րդ հոդվածի համաձայն՝ փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի մասին տեղեկատվությունը համարվում է ծառայողական գաղտնիք, ուստի արգելվում է տեղեկատվության տրամադրումը երրորդ անձի կամ ԶԼՄ-ներին։ Այսինքն՝ ընկերության բաժնետերերն անհայտ են մնում, եթե իրենք չեն ցանկանում հայտնի դառնալ։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրում հասանելի են միայն հեռուստաընկերության ներկա և նախկին գործադիր տնօրենների տվյալները, որոնց համաձայն, 2012 թվականին ՀԸ-ում միանգամից չորս տնօրեն է փոխվել։ 

Մինչև 2012-ի փետրվար ամիսը գործադիր տնօրենն է եղել լրագրող Գագիկ Մկրտչյանը, նրան փոխարինել է «ATV» հեռուստաընկերության ներկայիս բաժնետեր Դավիթ Ավետիսյանը, ամիսներ անց գործադիր տնօրենի պաշտոնն է զբաղեցրել ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը, 2012-ի սեպտեմբերից արդեն գործադիր տնօրենն է դարձել Դավիթ Բաբախանյանը, որը մինչ օրս էլ զբաղեցնում է այդ պաշտոնը։

2019 թվականին «Պանարմենիան Մեդիա Գրուպի» հայտարարությունից տեղեկանում ենք, որ «Արմենիա» հեռուստաընկերության բաժնետոմսերի 100%-ի սեփականատերն է ռուսական «Քոմեդի քլաբ պրոդաքշընի» հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի ընտանիքը։ Արթուր Ջանիբեկյանը մասնաբաժին ունի նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հիմնադրած «Ջազզվե» սրճարանների ցանցում։

Չնայած «Պանարմենիան մեդիա գրուպի» տարածած հայտարարությանը, իրական շահառուների հայտարարագրում նշված է, որ հեռուստաընկերության 100%-ը պատկանում է Ռոբերտ Հայրապետյանին, իսկ որպես միջանկյալ կազմակերպություն գրանցված է «Panarm»-ը։

«Երկիր մեդիա»

Հեռուստաընկերության և ռադիոյի մասին օրենքի 18-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ հեռուստաընկերության հիմնադիրները չեն կարող լինել կուսակցությունները, ըստ փաստաթղթերի, այս կետը պահպանվում է։ «Երկիր մեդիան» հիմնադրվել է «Հուսաբեր» ՓԲԸ-ի կողմից, ՓԲԸ-ն հիմնադրվել է 2003 թվականին։ Իրական շահառուների հայտարարագրում նշվում են Նարինե Ասատրյանի և Արսեն Մանուկյանի անունները, համապատասխանաբար, 25% և 24% բաժնեմասով, հեռուստաընկերության մյուս բաժնետերերի վերաբերյալ տվյալներ չկան։ Արսեն Մանուկյանը դաշնակցական է, զբաղեցնում է «Մեղեդի» սրճարանում տնօրենի պաշտոնը, ՀՅԴ-ի ցուցակով եղել է նաև պատգամավորի թեկնածու։ 2003-2004 թվականներին հեռուստաընկերության տնօրենն է եղել դաշնակցական Ռուբինա Ղազարյանը։ Ի դեպ՝ վերջինիս որդին՝ Սարհատ Պետրոսյանը և «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի դուստրը՝ Արևիկ Մանուկյանը, ամուսիններ են։ 2004-2006 թվականներին հեռուստաընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցրել է ՀՅԴ անդամ, ներկայումս «Հայաստան» խմբակցությունից ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ 2006-ից մինչ օրս հեռուստաընկերության տնօրենը Դավիթ Հակոբյանն է։

«Շանթ»

Հեռուստաընկերության հիմնադիրներն են Արթուր Եզեկյանը և Ցոլակ Կանդարյանը, ՀԸ-ն հիմնադրվել է Գյումրիում 1995 թվականին։ Ներկայիս բաժնետերերը երկուսն են՝ Արամ Մնացականյանը՝ 48%, և Արթուր Եզեկյանը՝ 52%։ 

«Կենտրոն»

Հեռուստաընկերության հիմնադիրը «Շարմ» ՍՊԸ-ն է, սակայն հետագայում ՍՊԸ-ն դադարեցրել է գործունեությունը։ «Շարմ» ՍՊԸ-ի հիմնադիրների, բաժնետերերի մասին տեղեկությունները բացակայում են։ 2005-ին մամուլը գրում էր, որ հեռուստաընկերությունը հիմնադրելիս «Շարմի» հիմնական նպատակն է եղել անկախ «Ա1+»-ին եթերից դուրս մղելը։ Այդ տարիներին հեռուստաընկերության տնօրենն էր պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանը։ 2003-ին հեռուստաընկերության սեփականատերը դարձավ ներկայիս գումարման ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, «Արսօյլ» ընկերության սեփականատեր Գուրգեն Արսենյանը։ Արդեն 2008-ին ՀԸ վաճառվել է «Մուլտի Մեդիա-Կենտրոն Թիվիին»։ Իրական շահառուների հայտարարագրում որպես ընկերության սեփականատեր է նշված Սեդրակ Առուստամյանը։ Սեդրակ Առուստամյանը նաև Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրենն է։ Հեռուստաընկերությունում որպես լրագրողներ աշխատել են նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը և Իվետա Տոնոյանը։ Վերջինս 2012-2017 թթ․ զբաղեցրել է հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծառայության տնօրենի պաշտոնը, եղել է «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի անդամ:  

Իսկ հեռուստաընկերության կայքի «Հատուկ հաղորդումներ» բաժինն ամբողջությամբ նվիրված է Գագիկ Ծառուկյանին և ԲՀԿ կուսակցությանը։ 

«5-րդ ալիք»

«5-րդ ալիքը»՝ նախկին «Արարատ» հեռուստաալիքը, պատկանում է «Շարկ» ՍՊԸ-ին։ Նշենք, որ «Արարատ» հեռուստաալիքը, ըստ մամուլի հրապարակումների, պատկանում էր Հայաստանի հանրապետական կուսակցությանը և տեղակայված էր հենց ՀՀԿ կենտրոնական գրասենյակում։ Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի, «Շարկ» ՍՊԸ-ի հիմնադիրներն են Միքայել Սողոմոնյանը, Սամվել Բաղդասարյանը, Սիմոն Սիմոնյանը, ՀՌԱՀ նախկին նախագահ Գագիկ Բունիաթյանը։ Ընկերությունը հիմնադրվել է 1995-ին։ 2015-2017 թվականներին «Արարատ» հեռուստաընկերությունում որպես լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրեն է աշխատել նաև ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր, ՀՀԿ-ական Միհրան Հակոբյանը։ 

2009-ից 2018 թվականը հեռուստաընկերության 67%-ի բաժնետերն է եղել գործարար, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանը, 2013-ին 33%-ի բաժնետերն է դարձել Ալեքսանդր Հարոյանը։ Այսպիսով, մինչև 2018 թվականը հեռուստաընկերության սեփականատերերն են եղել Արման Սահակյանն ու Ալեքսանդր Հարոյանը։  Հետագայում Արման Սահակյանի փոխարեն 67% բաժնեմաս է ունեցել ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Պողոսյանը։  Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրից տեղեկանում ենք, որ 2016-ին ընկերությունը սնանկ է ճանաչվել։ 2018 թվականից հեռուստաընկերությունը վաճառվեց Արմեն Թավադյանին և վերանվանվեց «5-րդ ալիք»։ Թավադյանը ծնունդով Ստեփանակերտից է, 1993-ին հիմնադրել ու մինչ 2005-ը ղեկավարել է Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչությունը։ Թավադյանը անցնում էր 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց կաշառելու փորձին առնչվող քրեական գործով։ Արմեն Թավադյանը ակտիվորեն մասնակցել է նաև Ռոբերտ Քոչարյանի դատավարության ժամանակ ի աջակցություն երկրորդ նախագահի անցկացվող ցույցերին։ Քոչարյանի գործով դատավարության ընթացքում նա դատարանի միջանցքում շշով հարվածել էր քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին։ 

Նշենք, որ «5-րդ ալիքը» հաճախ ցուցադրում է փաստավավերագրական ֆիլմեր Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ՝ բացառապես դրական լույսի ներքո ներկայացնելով նրա հանրային գործունեությունը։

«Դար 21»

«Դար 21»-ը փակ բաժնետիրական ընկերություն է։ Հեռուստաընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին։ Հեռուստաընկերության 80%-ը պատկանում է Տատյանա Հովհաննիսյանին, 10%-ը՝ Աննա Հարոյանին, և մյուս 10%-ը՝ Տաթևիկ Համբարձումյանին։ ՀԸ-ի գործադիր տնօրենը Արմենակ Սարգսյանն է։ 2010-ից 2013-ը տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Թամարա Սարգսյանը, հիմնադրման օրվանից մինչև 2004-ը ընկերության տնօրենն է եղել Նաիրա Աղաբաբյանը, որը ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշ) դուստրն է։ 2017-ին, սակայն, Աղաբաբյանը դուրս եկավ ՀՀԿ խորհրդից, իսկ 2018-ի հեղափոխությունից հետո իր հարցազրույցների ժամանակ քննադատել է նախկին իշխանություններին և նշել, որ ինքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիր է։

«Նոր Հայաստան»

«Նոր Հայաստան» հեռուստաընկերությունը պատկանում է «Մո Թիվի մեդիա հոլդինգ» ՓԲԸ-ին։ «Նոր Հայաստանը» զբաղեցնում է նախկին «Երևան» և «Հ3» հեռուստաընկերությունների տեղը։ Հեռուստաընկերության բաժնետերերն են Աստղիկ Սարգսյանն ու Ռոբերտ Օղլախչյանը, որը նաև ԱՄՆ-ում գործող ARTN հայկական հեռուստաընկերության սեփականատերն է։ 2019-ին հեռուստաընկերության գործադիր տնօրենն է եղել «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Հեղինե Բիշարյանի որդին՝ Կարեն Սարգսյանը։ Ներկայիս տնօրենը լրագրող Գագիկ Մկրտչյանն է, որը 2004-2012 թվականներին զբաղեցրել է «Արմենիա Թիվիի» գործադիր տնօրենի պաշտոնը։

«Ֆրինյուզ»

Հեռուստաընկերությունը հիմնադրվել է 2020-ին, հեռուստաընկերության բաժնետոմսերի 49%-ը պատկանում է Հասմիկ Դանիելյանին, 51%-ը՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Ղալեչյանին։ Հեռուստաընկերության գործադիր տնօրենը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինն է՝ Մարիամ Մարգարյանը։ 

Հանրային «Առաջին ալիք» և «Շողակաթ» հեռուստաալիքները հեռարձակումն իրականացնում են առանց մրցույթի։ Այս հեռուստաալիքներին մեր հոդվածում չենք անդրադարձել, քանի որ դրանք ֆինանսավորվում են հանրային միջոցներով՝ պետական բյուջեի հատկացումներից։

  • Կիսվել: