Ոստիկանության բաժիններում կրկին հանձնվել է ապօրինի պահվող զենք զինամթերք (տեսանյութ)
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 17-ի երեկոյան բաժին զանգած տղամարդը հայտնեց, որ Վեդի քաղաքի եկեղեցի տանող ճանապարհի սկզբնամասում զենք է թողել։ Հիշյալ տարածքում ոստիկանները հայտնաբերեցին «Կալաշնիկով» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակներ ու տարբեր տրամաչափի 80-ից ավելի փամփուշտ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։
Օգոստոսի 17-ին Արտաշատի բաժին զանգած տղամարդը հայտնեց, որ Շահումյան գյուղի կամրջի մոտ զենք-զինամթերք է թողել։ Այնտեղ Արտաշատի ոստիկանները հայտնաբերեցին ինքնաշեն ատրճանակ, տարբեր տրամաչափի եւ հրազենների 40-ից ավելի փամփուշտ ու ձայնազդանշանային հրթիռ։ Եղեգնաձորի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում օրերս բաժնում արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման երեք դեպք։ Մարզի երեք բնակիչ բաժին են բերել ինքնաշեն ատրճանակներ, պայթուցիչով նռնակ եւ տարբեր տրամաչափի ու հրազենների մի քանի տասնյակ փամփուշտ։ 5,45 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար նախատեսված ինքնաշեն հրազենն ու նույն տրամաչափի 29 փամփուշտը ոստիկանության Սիսիանի բաժնում կամավոր հանձնել է Սիսիանում բնակվող մի տղամարդ։
Բջնի գյուղում բնակվող մի տղամարդ էլ ոստիկանության Չարենցավանի բաժնում կամավոր հանձնել է գործարանային արտադրության կարճեցված փողով որսորդական հրացան ու 5,45 մմ տրամաչափի 25 փամփուշտ։
Գավառի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Գավառում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է հանգուցյալ պապի կարճեցված փողով հրացանը, նռնակը, ինքնաձիգի 34 հատ փամփուշտն ու դատարկ պարկուճներ։
Վարդենիսի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում մի տղամարդ կամավոր հանձել է թմբուկավոր ատրճանակ։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։
Այս համատեքստում ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքը շարունակվում է։



