Ողբերգություն է, երեխաները որտեղով անցել են, անցման համար չէր. Փաշինյանը՝ գետն ընկած քույրերի մասին
Ես, ինչքան հասկանում եմ, այնտեղով, որտեղով անցել են երեխաները, նախատեսված չի եղել անցման համար, մարդիկ ինքնաշխատ եղանակով ուղղակի օգտագործել են։ Այս մասին, այսօր՝ հունիսի 18–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հունիսի 15–ի ողբերգական դեպքին, երբ երկու քույրերն ընկել էին գետը։
«Դա մեծ ողբերգություն է, մենք ցավոք դեպք ենք ունեցել, երբ որ երեխան ափից է ընկել ջրի մեջ կամ տարբեր տեղերից։ Մենք պետք է ավելի մանրամասն նայենք, թե այդտեղ կա՞ր մի բան, որ պետք էր անել և չի արվել»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ գետի վրա գցված խողովակի վրայով են անցել, և այդ խողովակը այդտեղ չպետք է լիներ, Փաշինյանն ասաց. «Բայց այդ խողովակը ինչի՞ էր ծառայում։ Օրինակ, Արգավանդ գյուղում ցանկապատ է դրված, բայց մարդիկ տեղ-տեղ կտրել են, այդ տեղով քայլելով անցնում են։ Աստված չանի, հանկարծ ինչ-որ մի հատ դեպք լինի, լեգիտիմ հարց է հնչելու՝ բա այդ ճանապարհով զբաղվողներն ինչու ցանկապատը ժամանակին չէին վերականգնել։ Բայց վերականգնելու դեպքում, համոզված եմ՝ երկու օր հետո էլի նույն պատկերն է լինելու։
Աայսպիսի բաներ կան որ պետք է ավելի խորը վերլուծության արժանանա և հասկանանք ինչ պետք է անեինք, որ չենք արել։ Եթե այս դեպքը չլիներ, գնային այդ խողովակը կտրելու, ժողովուրդ դիմադրելու էր, ասելու էին՝ այդ տեղով անցնում, դառնում ենք, ինչի եք մոնտաժում։
Ցավոք, հաճախ է պատահում, որ մի ողբերգություն լինում է, նոր հետ ենք նայում, ասում ենք՝ բա ինչի այս կամ այն որոշումը չի կայացվել, ինչի տեղում այդ բանը այդպես չի եղել».–ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 17։05-ին, 112 ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս էին եկել և չէին հասել նախատեսված վայր։
Հունիսի 17-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա, հայտնաբերվել էր հունիսի 15-ից որոնվող 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։ Ավագ քրոջը դեռ որոնում են։



