կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Օդանավակայանների տարածքում տաքսի ծառայության մատուցման գործընթացը կկանոնակարգվի

Օդանավակայանների տարածքում տաքսի ծառայության մատուցման գործընթացը կկանոնակարգվի

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 17-ի նիստում ընդունել է որոշում՝ օդանավակայանների տարածքում տաքսի ծառայության մատուցման գործընթացը կանոնակարգելու նպատակով:

Ըստ հիմնավորման, օդանավակայանների տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպումն օրենսդրական առանձին կարգավորում չուներ, որի հետևանքով այնտեղ տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը պատշաճ չի իրականացվում, անբարեխիղճ ծառայություն մատուցողների կողմից դրսևորվում է անընդունելի վարքագիծ ինչպես ուղևորների, այնպես էլ միմյանց նկատմամբ, պատվերը ձեռք էր բերվում բանավոր հավաքագրելու միջոցով՝ անհանգստություն պատճառելով քաղաքացիներին և հյուրերին:

Ծառայության մատուցման համար ներգրավված ավտոմոբիլները հաճախ հին են: ՀՀ մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները եւ զբոսաշրջիկները հայտնվում են անհարմար դրության մեջ, ինչը զբոսաշրջության տեսանկյունից անընդունելի է:

Բացի այդ, օդանավակայանի տարածքից տաքսի ծառայություն մատուցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները չունեն հնարավորություն օգտվելու տաքսու կայանատեղից, ինչը անհավասար պայմաններ է առաջացնում փոխադրողների համար: Առաջարկվող կարգավորումներով սահմանվում են օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման առանձին պայմաններ և պահանջներ, մասնավորապես՝ ներգրավվող ավտոմոբիլի տարիքային սահմանափակում, արտաքին տեսքի և գույնի նկատմամբ պահանջ, ներգրավվող ավտոմոբիլի վառելիքային համակարգի վերասարքավորման արգելք, օդանավակայանի տարածքում տաքսի ծառայության մատուցում իրականացնելու և պատվերը ընդունելու պայմաններ:

Արդյունքում կմատուցվի քաղաքակիրթ և առավել բարձրորակ սպասարկում, ծառայությունների մատուցման գործընթացում կներգրավվեն տարիքով ավելի նոր և միանման արտաքին տեսքի ավտոմոբիլներ: Կբացառվեն ոլորտում անօրինական փոխադրումները:

  • Կիսվել: