ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Օդանավակայանում էլի անհատ տաքսու վարորդները նույն կերպ շարունակում են իրենց ծառայությունները ներկայացնել.Թունյան

Օդանավակայանում էլի անհատ տաքսու վարորդները նույն կերպ շարունակում են իրենց ծառայությունները ներկայացնել.Թունյան

Այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ օդանավակայաններում տաքսի ծառայությունների հարցը կարգավորող օրենք են ընդունել:

«Հիմա օդանավակայանում էլի անհատ տաքսու վարորդները նույն կերպ շարունակում են Հայաստան եկած մարդկանց իրենց ծառայությունները ներկայացնել»,- ասաց նա:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը պարզաբանեց, որ Տեսչական մարմինը ժամանակ էր տվել այնտեղ տաքսի ծառայություններ մատուցողներին, որպեսզի համապատասխանեցնեն օրենքի պահանջներին: «Դեկտեմբերի մեկից բավականին խիստ վերահսկողություն է սահմանվել օդանավակայանում, սակայն այս պահի դրությամբ նախարարությունը տարբեր կազմակերպությունների հետ քննարկում է այնտեղ տաքսի ծառայության՝ օրենքին համապատասխան ծառայությունների կարգավորման հարցը, բայց այս պահի դրությամբ դեռ լիցենզիա ստանալու որևէ հայտ չունենք»,- ասաց նա:

Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը, որ մինչ այսօր որևէ մեկը հետաքրքրված չի եղել լիցենզիա ստանալու հարցում, Արմեն Սիմոնյանը պատասխանեց, որ հետաքրքրված տարբեր կազմակերպություններ եղել են, բայց լիցենզավորման կոնկրետ հայտ չի եղել, աշխատանքները տարբեր ընկերությունների հետ շարունակվում են:

  • Կիսվել: