Ոչ մի հարց օրակարգից հանված չէ, այդ թվում՝ տրանսպորտի հարցը. քաղքապետը հակադարձում է «Լույս» խմբակցությանը
Շուրջ 500 միկրոավտոբուսի շահագործման ժամկետը ավարտվել է, և դրանք 2020 թվականին կհանվեն հանրային տրանսպորտի հաշվեկշռից, այսօր Երևանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նրա ներկայացմամբ միկրոավտոբուսների շահագործման ժամկետը 15 տարի է և 2020-ին ավարտվում է այդ ժամկետը:
Քաղաքապետի ներկայացրած տվյալներով, Երևանում գրանցված է ավելի քան 1330 միկրոավտոբուս, և դրանցից 900-950-ը ամեն օր սպասարկում է քաղաքացիներին։ Լրագրողի դիտարկմանը, թե Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը մեղադրում է քաղաքային իշխանություններին, որ կան շեղումներ քաղաքի զարգացման 5-ամյա պլանից, այդ թվում՝ տրանսպորտի հարցում, քաղաքապետը արձագանքեց. «Ոչ մի հարց օրակարգից հանված չէ, այդ թվում՝ տրանսպորտի հարցը։
Մենք աշխատում ենք դրա վրա ամենօրյա ռեժիմով։ Ինչպես հայտնի է, ներկա պահին ընթանում է 20 վերելակների փոխելու գործընթացը։ Բացի այդ, քննարկվում է այն հարցը, որ եկող տարի ավտոբուսների որոշակի խմբաքանակ արդեն պետք է գա Երևան, որպեսզի սկսվի փոխարինման գործընթացը։ Այն, թե որքան ավտոբուս կգա Երևան և ինչ գումարի, կորոշվի մրցույթի արդյունքներով։ Ցանկացած պարագայում, մենք աշխատում ենք խնդրի համակարգային լուծման ուղղությամբ, որին կարելի կլինի հասնել 2-4 տարվա ընթացքում»։


