Նոր օրենքով ծխախոտի գովազդի համար տուգանքը կկազմի 800 000 դրամ
«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագծով կան մի շարք սահմանափակումներ ծխախոտի վաճառքի կազմակերպման, փակ տարածքներում ծխելու, ինչպես նաև գովազդի հետ կապված: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։
Փոխնախարարի խոսքով՝ օրենքի ընդունումից հետո, չթույլատրված վայրում ծխելու դեպքում ֆիզիկական անձը կտուգանվի 50 հազար դրամով, իսկ եթե ռեստորանի ղեկավարությունը չի զգուշացնում իր հաճախորդներին, որ ծխելն արգելվում է, ապա ռեստորանի նկատմամբ տուգանքը նախատեսված է 150- 250 հազար դրամի չափով:
Հեռուստատեսությամբ ծխախոտի գովազդի դեպքում էլ տուգանքը կկազմի 700-800 հազար դրամ։
Լենա Նանուշյանն ասաց, որ առաջին անգամ օրենքի նախագծում նախատեսել են դրույթ, որի համաձայն, նախատեսում են աջակցություն տրամադրել ծխելը թողնել ցանկացող անձանց։
Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը նշեց, որ նախագծի փաթեթի մշակման ընթացքում աշխատել են մի շարք երկրների փորձագետների հետ։
Ռուս փորձագետ Վիկտոր Զիկովն էլ հայտնեց, որ Ռուսաստանում նման օրենք արդեն իսկ կիրառվում է։ Օրենքն, ըստ նրա, խիստ տուգանքներ է նախատեսում փակ տարածքներում ծխելու համար։
«Այսօր մեզ մոտ շակույթ է դարձել փակ տարածքներում չծխելը և տուգանքների ծայրահեղ միջոցներ հազվադեպ են կիրառվում»,- նշեց նա։