Նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարից. բախվել էին 3 Mercedes, Ford Transit և Opel ավտոմեքենաները
Սեպտեմբերի 10–ին Երևան-Արմավիր ավտոճանապարհի Երևանյան խճուղու 13 հասցեի մոտ շղթայական ավտովթարի հետևանքով պարզվել է՝ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Opel-ը վարել է Երևանի բնակիչ, 26-ամյա Արթուր Կանանյանը, Mercedes-ներից մեկը վարել է Երևանի բնակիչ, 41-ամյա Կարեն Քյարամյանը, մեկ այլ Mercedes վարել է Երևանի բնակիչ, 40-ամյա Գալուստ Գրիգորյանը, մեկ այլ Mercedes վարել է Երևանի բնակիչ, 64-ամյա Ավետիք Տերտերյանը, իսկ Ford Transit-ը վարել է Երևանի բնակիչ, 55-ամյա Աշոտ Իրիցյանը: Վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Opel-ի ուղևոր, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 24-ամյա Նադերի Համիդ Ռեզանը:
Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խանաղյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Opel-ի վարորդ Ա. Կանանյանը աշխատում է «ԿՖՍ» ՓԲԸ-ում՝ որպես առաքիչ, Mercedes-ների վարորդներից Ա. Տերտերյանը աշխատում է «Փորձաքննության ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում՝ որպես անվտանգության աշխատակից, իսկ Ford Transit-ի վարորդ Ա. Իրիցյանը աշխատում է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատում՝ որպես անվտանգության աշխատակից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 10-ին շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։15-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Երևանյան փողոցում՝ «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում, բախվել են 3 Mercedes, Ford Transit և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկային։
Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարել նույն վաշտի պարեկներ Արմեն Մուրադյանն ու Վոլոդյա Թադևոսյանը։


