Նոր հնարավորություն մարտական գործողություններին մասնակցած երիտասարդներին
Հունվարից մեկնարկել է «Նոր էջ» սոցիալական պատասխանատվության նախագիծը, որի նպատակն է աջակցել 18-30 տարեկան երիտասարդներին, որոնք մասնակցել են Արցախյան պատերազմին եւ զորացրվել։ Նախագծի անդամները պլանավորում են իրականացնել մասնագիտական կողմնորոշման, ուսուցման և զարգացման ծրագրեր, որոնք կօգնեն երիտասարդներին վերաիմաստավորել սեփական ներուժն ու հնարավորությունները։
Նախաձեռնությունը պլանավորում է ընդգրկել 1000 երիտասարդի եւ նրանց հնարավորություն տալ նոր հմտություններ ձեռք բերել եւ աշխատաշուկա մուտք գործել։
«Նոր էջ» նախագիծը նախաձեռնել եւ մշակել է «Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիա»-ն, «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության աջակցությամբ։
Մարտի 10-ին բիզնես ընկերությունների ներկայացուցիչներ, ղեկավարներ, մարդկային ռեսուրսների ոլորտի տարբեր մասնագետներ ներկա էին ծանոթանալու «Նոր էջ» նախագծին եւ կարողանալու իրենց հարցերն ուղղել նախաձեռնողներին։ Ելույթով հանդես եկավ «Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիա»-ի նախագահ եւ «Նոր էջ» ծրագրի նախաձեռնող Արփի Կարապետյանը, որն իր ելույթում նշեց, որ հանդիպման նպատակն է ծրագրի մասին մանրամասներ ներկայացնել եւ հնարավորություն տալ գործատուներին ծանոթանալ պլանավորվող աշխատանքներին։ Նա իր խոսքում նշեց, որ թեեւ նախագծի նշաձողում գրված է, որ պետք է մասնակցեն 1000 երիտասարդ, բայց այդ թիվն արդեն հատել է եւ դիմողների թիվը գնալով շատանում է, ուստի շատ կարեւոր է նաեւ, որ այդ թվին զուգահեռ աճի իրենց միացող գործատուների թիվը։
Նախագծին մասնակցության հայտը լրացվում է օնլայն, իսկ, այն լրացրած մասնակիցներն անցնելու են հարցազրույց, որ պարզվի նրանց հետաքրքրությունների շրջանակը եւ կարողությունները։
Արփի Կարապետյանը նշեց, որ կան երիտասրադներ, որոնք մասնագիտական կողմնորոշում դեռեւս չունեն, դպրոցն ավարտելուց հետո բանակում են ծառայել եւ վերադառանալով, դժվարանում են իրենց որեւէ ոլորտում գտնել, կան նաեւ այնպիսի երիտասարդներ, որոնք ունեն մասնագիտություն, տիրապետում են որեւէ արհեստի, բայց փաստ չէ, որ սթրես տանելուց հետո իրենց արժեհամակարգը չի փոխվել, ուստի կարեւոր է հասկանալ՝ ինչ են ուզում այս երիտասրադները, որտեղ է նրանց մոտիվացիան։ «Երբ որ մի բան ուզում ես, անում ես, երբ որ չես ուզում, չես անում, պիտի չափենք՝ ինչ են ուզում եւ փորձենք ուղղորդել»,- նշեց Ա. Կարապետյանը։
Նա ընդգծեց, որ ոչ թե տալիս են աշխատանք երիտասարդներին, այլեւ փոխանցում հմտություններ եւ գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են աշխատաշուկայում, իսկ մնացածն աշխատող-գործատու հարաբերությունների դաշտում է լուծվելու։ Գործընթացն ավելի հեշտացնելու համար հարցում են անում գործատուներին՝ հասկանալու՝ ինչ հաստիքներ կան, որոնք կարող են տրամադրել, եւ պետք է նշել նաեւ՝ ինչ հմտություններ են պետք այդ հաստիքի համար։ «Պատկերացնում եք՝ այս ամենը քարտեզագրվում է, մի կողմից ունենք զինվորներ, որոնց ցանկությունները, հմտությունները կարողանում ենք չափել, մյուս կողմից ունենք գործատու, ով ասում է՝ ես էսինչի կարիքն ունեմ, մեջտեղը ծնվում է զարգացման ծրագրերը»,- ասում է Կարապետյանը։
Նախագծի իրականացման գործընկերներից Արթուր Ազիզյանը նշեց, որ սա լայնածավալ նախագծի ընդամենը մի մասն է, և ամբողջ գործընթացը լրջորեն մտածվել, նախագծվել և իրականացվում է տարբեր ոլորտների հմուտ մասնագետների կողմից:
Նախագիծը դեռեւս առաջնային փուլում է, մշակվել է գործիքակազմը, մինչեւ ապրիլի կեսը պետք է ամբողջ տեղեկատվությունը հավաքագրվի՝ թրեյներներ, մենթորներ, վարպետներ, մյուս կողմից ՝ երիտասարդների մասին ինֆորմացիայի հավաքագրումն է եւ գործատուներին ուղղված հարցումները։ Հաջորդ փուլը կլինի վերլուծություն՝ ում ինչ է պետք, իսկ հաջորդիվ՝ ուսուցման փուլն է։
Կարապետյանը նշեց, որ թրեյներները լինելու են այն անձինք, որոնք գրանցվել են՝ նախապես լրացնելով հայտը։ Նախագծին միացել են 105 գործատու, սակայն նշաձողը 500-ն է։ Նամակներ ուղղել են 1000-ից ավելի գործատուների։ Նրանց ուղարկված հարցաթերթիկներում նշվում է նաեւ՝ արդյոք կարո՞ղ են աշխատել հաշմանդամություն ունեցող անձանց հետ, եւ ի՞նչ պայմաններով։
Ելույթի վերջում Արփի Կարապետյանն ասաց, որ հանդիպումներ ունեցել են նաեւ պետական մարմինների աշխատողների հետ։