ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նիդերլանդների դեսպանատունը դրամաշնորհներ կտրամադրի հայկական 6 մեդիա կազմակերպությունների

Նիդերլանդների դեսպանատունը դրամաշնորհներ կտրամադրի հայկական 6 մեդիա կազմակերպությունների

Նիդերլանդների Թագավորության կառավարությունը իր արտաքին քաղաքականության մեջ առանձնահատուկ տեղ է հատկացնում ժողովրդավարական արժեքների, մասնավորապես՝ մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության եւ անկախ մամուլի խրախուսմանը ամբողջ աշխարհում, եւ որպես Հայաստանի Հանրապետության գործընկեր՝ գործուն քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ նաև Հայաստանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ այսօր՝ մայիսի 10-ին, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը պայմանագրեր ստորագրեց հայաստանյան վեց մեդիա կազմակերպության հետ նրանց դրամաշնորհներ տրամադրելու վերաբերյալ:

Նիդերլանդական կառավարության դրամաշնորհային ծրագրերն ուղղված են լինելու Հայաստանում մարդու իրավունքների խնդիրների վերհանմանն ու լուսաբանմանը, խոսքի ազատության եւ անկախ մամուլի զարգացման խրախուսմանը:

«Այսօր տարբեր կարևոր պայմանագրեր ստորագրեցինք մամուլի ազատության ոլորտում: Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը պատրաստ է աջակցել ձեր կազմակերպություններին: Նախորդ տարի մենք սկսեցինք մտածել մարդու իրավունքների ոլորտում մեր առաջնահերթությունների մասին եւ հասկացանք, որ մեդիան չի կարող դուրս մնալ այդ շարքից, մենք պետք է աջակցենք ազատ մամուլի զարգացմանը աշխարհի այնքան երկրներում, որքան կարող ենք: Եվ Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Մամուլի դերը ժողովրդավարության ամենակարևոր հիմնասյուներից է», - ողջունելով իր հյուրերին՝ հայտարարեց Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը:

Ստորագրված փաստաթղթերով Նիդերլանդների կառավարության կողմից դրամաշնորհներ են ստանալու «Հետք» առցանց պարբերականը, «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հ/կ-ն, «EVN Report» անգլալեզու լրատվական կայքը եւ «Բուն TV»-ն:

Ինչ վերաբերում է այս վեց կազմակերպությունների կոնկրետ թեմաներին, ապա, օրինակ, հայկական հետաքննական լրագրության առաջատար «Հետք»-ը նիդերլանդական գրանտի շնորհիվ պայքարելու է կեղծ լրատվության կամ այսպես կոչված «ֆեյք նյուզ»-ի դեմ փաստերի ստուգման գործիքների միջոցով: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, ի դեմս նախագահ Աշոտ Մելիքյանի, դրամաշնորհ ստացավ լրագրողների եւ լրատվամիջոցների դեմ հարուցված դատական գործերի մշտադիտարկում իրականացնելու, տվյալներ հավաքագրելու եւ այդ մասին վերլուծական զեկույց ներկայացնելու նպատակով: Իսկ «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնը, որը լրատվական դաշտում հանդես է գալիս Factor.am լրատվական կայքով, Արևիկ Սահակյանի գլխավորությամբ քայլեր է ձեռնարկելու լրագրողների աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ՝ լրագրողների ֆիզիկական եւ թվային անվտանգության ապահովման քաղաքականությունների ու կանոնակարգերի մշակման եւ դրանց ներդրման միջոցով:

Դրամաշնորհների տրամադրման մասին փաստաթղթերի ստորագրման արարողությունը առնչված էր մամուլի միջազգային օրվան, սակայն տեխնիկական պատճառներով այն մեկ շաբաթ հետաձգվել էր:

  • Կիսվել: