կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ իրականացվող մի շարք բարեփոխումների մանրամասների։

Նարեկ Մկրտչյանն ընդգծել է ընտանիքում բռնության դեմ պայքարի կազմակերպման 2021-2023 թթ․ միջոցառումների ծրագրի մշակման, ընտանիքում բռնության դեպքերի տվյալների բազայի ստեղծման, ինչպես նաև ընտանիքում բռնության կանխարգելման և դեպքերի բացահայտման դասընթացի աշխատանքներում ԵԽ ներգրավվածությունը։

«Նմանատիպ նախագծերի մշակման ու իրականացման գործընթացում հաճախ ենք փորձագիտական շրջանակների ներգրավման անհրաժեշտություն ունենում, և ԵԽ աջակցությամբ մենք կարողացել ենք փորձառու մասնագետներ ներգրավել։ Ինչ վերաբերում է վերապատրաստումներին, ապա դրանք չեն սահմանափակվում միայն նախարարության աշխատակիցների և ԱՍՀՆ ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների աշխատակիցների մասնակցությամբ, դրանցում ներգրավվել են նաև տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ»,- ասել է նախարարը։

Մարտինա Շմիդտը ևս, կարևորելով նախարարության հետ համատեղ իրականացված ծրագրերի արդյունավետությունը, համագործակցության շարունակականության պատրաստակամություն է հայտնել։

Որպես առաջիկա համագործակցության ուղղություններ դիտարկվել են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ընտանիքների հզորացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, աշխատանքի և զբաղվածության ոլորտում բարեփոխումները․ «Իրականացված ծրագրերի շրջանակում գերազանց արդյունքներ են արձանագրվում։ Պետք է նշեմ, որ շատ արդյունավետ ու հաճելի էր համագործակցությունը նախարարության հետ և ուրախ կլինենք գործընկերների հետ շարունակել քննարկումներն ու համատեղ ծրագրերը»,- նշել է Շմիդտը։

  • Կիսվել: