հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Նախկինում ադամանդագործության ոլորտում ներդրում անելու համար արտասահմանցի ներդրողները ում մոտ գնացել են, բոլորը ցանկացել են փայ մտնել. Խաչատուր Սուքիասյան

Նախկինում ադամանդագործության ոլորտում ներդրում անելու համար արտասահմանցի ներդրողները ում մոտ գնացել են, բոլորը ցանկացել են փայ մտնել. Խաչատուր Սուքիասյան

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում գործարար Խաչատուր Սուքիասյանը նախկին քաղաքական իշխանության գործունեության վերաբերյալ ուշագրավ հայտարարություններ է արել:

Նա մասնավորապես, ասել է, որ ադամանդագործության ոլորտում շատ ներդրողներ ցանկություն են հայտնել ներդրումներ անել, գործարան բացել, սակայն «ում մոտ գնացել են, բոլորը ցանկացել են փայ մտնել»:

Բայց գործարարը հրաժարվել է անուններ նշել: Այդուհանդերձ, ըստ Սուքիասյանի, այսօր այլ իրավիճակ է և հավասար պայմաններ կան գործարարների համար: Լրագրողի դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանն ասում է, Հայաստանում ներդրումների համար բավարար պայմաններ չկան, Սուքիասյանը չհամաձայնեց. «Ես իմ կարծիքն ունեմ, նա իր կարծիքն ունի: Եթե նա ասում է, որ խնդիրներ կան, պետք է այդ խնդիրներով զբաղվել, որպեսզի դրանք չլինեն: Ես պետք է իմանամ, թե որ ճյուղերի մասին է նա ասում»:

Անդրադառնալով քաղաքական իշխանության կողմից հայտարարված տնտեսական հեղափոխությանը, Խաչատուր Սուքիասյանը հայտարարեց, որ եթե կոռուպցիան վերացված է, հավասար պայմաններ կան, հակամենաշնորհային գործիքները գործում են, արդեն հեղափոխություն է, ուղղակի մարդիկ պետք է համոզվեն, որ ազատությունը կա:

«Չմտածեք, որ Հայաստանում ԱՄՆ-ի ու Ճապոնիայի մասշտաբներով ներդրումներ պետք է լինեն: Այստեղ պետք է լինեն բազմազան ներդրումներ, քանի որ դաշտն ազատ է», -հավելեց նա:

  • Կիսվել: