Իրանի մարտունակությունը զարմացրել է տարածաշրջանի երկրներին և ամբողջ աշխարհին․ Մասուդ Փեզեշքիան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ տարբեր երկրների ներկայացուցիչները բարձր են գնահատում Իրանի զինված ուժերի հզորությունը, արիությունն ու մարտունակությունը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում նրանց գործողություններից հետո, տեղեկացնում է Mehr-ը։
«Տարբեր երկրների նախարարների և առաջնորդների հետ հանդիպումների ժամանակ նրանք բարձր էին գնահատում մեր զինված ուժերի արիությունը, արժանապատվությունն ու հզորությունը», — ասել է Փեզեշքիանը կիրակի օրը՝ տեսակապով ելույթ ունենալով պաշտպանության նոր նախարարի թեկնածության քննարկմանը նվիրված նիստում։
Նախագահն ընդգծել է, որ իրանցի զինվորականների գործողությունները և արտաքին ագրեսիային դիմակայելու նրանց կարողությունը մեծ տպավորություն են թողել տարածաշրջանի երկրների և միջազգային հանրության վրա։ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել զինված ուժերին երկրի պաշտպանության համար և հայտարարել, որ նրանց անձնազոհությունն ու ռազմական կարողությունները զարմացրել են աշխարհին։
Նա նաև հարգանքի տուրք է մատուցել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, զոհված զինծառայողներին և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ դպրոցականներին, ինչպես նաև պաշտպանության նախկին նախարար Ազիզ Նասիրզադեին։ ԻԻՀ նախագահը առանձին հիշատակել է նաև 1980–1988 թվականների իրանա-իրաքյան պատերազմի մասնակիցներին և ԱՄՆ-ի հետ վերջին հակամարտությունում զոհվածներին։
Փեզեշքիանը ընդգծել է ազգային պաշտպանական արդյունաբերության նշանակությունը և Իրանի գիտնականների ու մասնագետների աշխատանքի դերը երկրի ռազմական ներուժի ամրապնդման գործում։ Նրա կարծիքով, պաշտպանության նախարարի պաշտոնի թեկնածու Ախլաղին այս ոլորտում ունի նշանակալի փորձ։
«Նրանց ջանքերը, զոհված գիտնականների՝ Մոհսեն Ֆախրիզադեի և Հասան Թեհրանի-Մողադամի նման անձանց աշխատանքի հետ միասին, հնարավորություն են տվել երկրի պաշտպանական ներուժը հասցնել այնպիսի մակարդակի, որի պայմաններում օտարերկրյա տերությունները, չնայած իրենց լայն ռեսուրսներին և սպառազինությանը, չեն համարձակվում ներխուժել Իրան», — հայտարարել է երկրի նախագահը։



