ԱՄՆ-ն «որոշակի առումով» Իրանի նկատմամբ վճռական հաղթանակ է տարել.Վենս
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի ավարտից հետո բենզինի գները կսկսեն նվազել։ Ըստ նրա, հակամարտությունը շարունակում է ազդել նավթի արժեքի վրա, քանի որ Թեհրանը հարձակվում է նավթատարների վրա և խոչընդոտում նավարկությանը Հորմուզի նեղուցում։
«Ես ընդունում եմ, որ բենզինի գներն այժմ չափազանց բարձր են», — ասել է Վենսը CBS News-ին տված հարցազրույցում։
Նա իրավիճակը բացատրել է Իրանի գործողություններով, որն, ըստ նրա, փորձում է փաստացի փակել համաշխարհային էներգակիրների մատակարարումները։ Փոխնախագահը պնդել է, որ ամերիկյան ուժերի հեռանալը տարածաշրջանից և Հորմուզի նեղուցով նավարկության վերահսկողությունը Իրանին հանձնելը կհանգեցնի վառելիքի գների էլ ավելի զգալի աճի։
Միաժամանակ Վենսը հայտարարել է, որ նավթը շարունակում է արտահանվել Մերձավոր Արևելքից ամերիկացի զինվորականների ջանքերի շնորհիվ, որոնք ապահովում են նավերի անցումը նեղուցով։
Պատասխանելով այն հարցին, թե ինչու ԱՄՆ-ն մինչև այժմ չի հասել վճռական հաղթանակի պատերազմում, որը ձգձգվել է ավելի երկար, քան Թրամփն ի սկզբանե ակնկալում էր, Վենսը հայտարարել է, որ «որոշակի առումով մենք արդեն վճռական հաղթանակ ենք տարել», սակայն հավելել է, որ «հակառակորդն էլ ձայնի իրավունք ունի»։
ԱՄՆ փոխնախագահը, որն ամռանը մասնակցել է Իրանի հետ բանակցություններին, նաև հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը Թեհրանից պահանջում է վերջնական և հստակ պարտավորություն՝ չվերականգնել իր միջուկային ծրագիրը։



