Հայաստանի ծանրամարտի հավաքականը շարունակում է հաջող մրցելույթները Եվրոպայի Մ23 առաջնությունում
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները շարունակում են հաջող մրցելույթները Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող Եվրոպայի Մ23 տարեկանների և երիտասարդների առաջնությունում:
Մ23 տարեկանների առաջնության 85 կգ քաշային ծանրորդների պայքարում Մարտին Պողոսյանն այսօր նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը՝ երկամարտի 343 կգ (153+190 կգ) արդյունքով դառնալով արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում ևս նա դարձել է արծաթե մեդալակիր:
Երիտասարդների 95 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վալերիկ Մովսիսյանը արծաթե մեդալ է նվաճել պոկում վարժությունում՝ 160 կգ արդյունքով: Երկամարտի 347 կգ արդյունքով նա զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Կանանց 77 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Աննա Ամրոյանը դարձել է պոկում վարժության բրոնզե մեդալակիր՝ գլխավերևում պահելով 102 կգ կշռող ծանրաձողը:
75 կգ քաշային երիտասարդ ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Գրիգորյանն ավելի վաղ հռչակվել էր ԵԱ-ի չեմպիոն երկամարտի 322 կգ արդյունքով: Առանձին վարժություններում ևս Գրիգորյանն արժանացել էր ոսկե մեդալներին. պոկում վարժությունում նա ցույց էր տվել 146 կգ, իսկ հրում վարժությունում 176 կգ արդյունք:
Եվրոպայի երիտասարդների առաջնության 70 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Սամվել Մարտիրոսյանն էլ երկամարտի 296 կգ արդյունքով դարձել էր ԵԱ-ի բրոնզե մեդալակիր: Պոկում վարժության ժամանակ նա գլխավերևում պահել էր 134 կգ ու 139 կգ ծանրաձողերն ու այս վարժությունում դարձել ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրել էր 157 կգ:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականի անդամ Տիգրան Կարապետյանը, հանդես գալով Մ23 տարիքային խմբի 75 կգ քաշային կարգում, հռչակվել էր Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։ Պոկում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել էր 148 կգ կշռող ծանրաձողն ու նվաճել այս վարժության ոսկե մեդալը: Հրում վարժությունում Կարապետյանը 175 կգ արդյունքով նվաճել էր արծաթե մեդալը: Երկամարտի արծաթե մեդալին հայ ծանրորդն արժանացել էր 323 կգ արդյունքով։



