չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Նախարար Նարեկ Մկրտչյանը ներկա է գտնվել «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնին

Նախարար Նարեկ Մկրտչյանը ներկա է գտնվել «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Սաղմոսավանում տեղի ունեցած հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնին։

Նախարարությունից հայտնում են, որ միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը, մի շարք պետական կառույցների ներկայացուցիչներ և այլ հյուրեր։

Փառատոնի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես են եկել Խարբերդի մասնագիտացված և Գյումրու «Երեխաների տուն» հաստատությունների, «Արևային զանգակներ»  ու «Մայիլ» կազմակերպությունների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության «Ընտանեկան կենտրոն» և «Նեյվա» խնամքի կենտրոնների երգչախմբերը։  

Կարևորելով նմանօրինակ նախաձեռնությունների դերը հաշմանդամություն և հատուկ կարիքներ ունեցող անձանց կարողությունների բացահայտման ու զարգացման գործում՝ նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է․ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող մասնագիտացված մանկատներում ստեղծված է այնպիսի ներառական  միջավայր, որը հնարավորություն է տալիս սաներին երաժշտության, կավագործության կամ այլ զբաղմունքների միջոցով ինքնարտահայտվել և զարգացնել իրենց ունակությունները։ Մենք պետք է շարունակենք հոգատար ու սրտացավ վերաբերմունքով հնարավորություն տալ հավատալու իրենց ուժերին, գիտակցելու սեփական անձի կարևորությունն ու ինքնադրսևորվել»։

Միջոցառման ընթացքում երաժշտական խմբերի անդամները, հյուրերի հետ համատեղ, ստեղծել են «Ճախրուկ» փառատոնի խորհրդանշական կտավ, ապա մասնակցել շուրջպարի։

  • Կիսվել: